Հայաստան. Ձերբակալություններ եւ խոստումներ Պուտինի այցի պատվին

Հայաստան. Ձերբակալություններ եւ խոստումներ Պուտինի այցի պատվին
Հայաստան. Ձերբակալություններ եւ խոստումներ Պուտինի այցի պատվին

Բազմաթիվ ուժայինների` կարմիր բերետավորների եւ հատուկ ջոկատայինների ծանր հսկողության ներքո, բողոքի ցույցով, «Հայաստանը առեւտրի առարկա չէ»,  «Putin go home» եւ այլ բազում պաստառներով եւ ձերբակալություններով, ծայրահեղ լարված մթնոլորտով ուղեկցվեց  դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով  Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այցելությունը:

«Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետեւանքով Հայաստանում իշխանությունները նման անասելի կանխարգելիչ քայլերի են գնում»,-«Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը,- Ուկրաինական գործընթացները կարող են տեղափոխվել նաեւ Հայաստան, եւ ամեն ինչ փորձում են ամեն ինչ անել , որ Պուտինի այցը նման գործողությունների խթան չհանդիսանա»:

Առավոտյան Երեւանի մայրաքաղաքի կենտրոնում հնչող ռուսական երաժշտությանն ու պետական կառույցների աշխատողներին` ձեռքներին ռուսական փոքր դրոշներ, փոխարինեցին ամեն երրորդ քայլին կանգնած ոստիկանները: Պաշտոնապես առնվազն 110 բերման ենթարկվածներ, կաթվածահար երթեւեկություն,  ոստիկաններ ամեն երկրորդ քայլի վրա:

Ծանր հսկողության ներքո հայտնված Գյումրի քաղաքում, որը Պուտինի առաջին հանգրվանն էր Հայաստանում, քանի որ վերջինս առաջին հերթին նախատեսել էր այցելել այնտեղ տեղակայված Ռուսաստանի թիվ 102 ռազմաբազա եւ մասնակցեր հայ-ռուսական համաժողովին, շատերի համոզմամբ ճիշտ նկարագրում էր այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը երկրի իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքում:

«Թագավորն եկել է, Գյումրիում արգելել են նույնիսկ այսօր թաղում անել, մոտ գնալ այն վայրերին, ուր նա է լինելու, ամեն մի անկյունում ամենախիստ հսկողությունն է սահմանված,,-«Մեդիալաբին» ասում է Գյումրու բնակիչներից մեկը եւ հավելում, թե «քաղաքը կարգին սարքեցին»:

Ըստ հայտնի կինոռեժիսոր, քաղաքական ակտիվիստ Տիգրան Խզմալյանի,  Պուտինի այցելության վայրը նրա համար ոչ թե Հայաստանն է, այլեւ Ռուսաստանի 102-րդ բազա: Նա նշում է, որ Պուտինը Հայաստան չի եկել: 

«Այսինքն Պուտինը, որպես ռուսական բանակի Գլխավոր հրամանատար այցելում  է ստուգայցի իր զինված ուժերի 102-րդ բազա: Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ Պուտինը նախ եւ առաջ  Գյումրի այցելեց: Միայն դա է հետաքրքրում Պուտինին նախկին Հայաստանում, որն այժմ հանդիսանում է ՌԴ ԶՈՒ 102-րդ բազային կից տարածք»,-նշում է նա:

Մինչ մայրաքաղաք Երեւանի եւ Գյումրի փողոցներում, ուր Պուտինի պատվին ճանապարհների եւ քաղաքի «արագընթաց» նորոգում էր իրականացվել, ձմռանը կանաչ արհեստական խոտածածկույտ տեղադրվել եւ,  ծածանվում էին հազարավոր ռուսական դրոշներ, իսկ իշխանական հսկողության ներքո գտնվող հեռուստալիքները անվերջ խոսում էին հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ հավաքվել էին բողոքելու Մաքսային միությանն անդամակցության դեմ:

Սեպտեմբերի 3-ին, ի զարմանս շատերի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, թե Հայաստանը պատրաստակամ է միանալու Մաքսային միությանը ` փաստացի հրաժարվելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Վերլուծաբանների եւ քաղաքական ուժերի գնահատմամբ, Սարգսյանի հայտարարությունը  Ռուսասական ճնշման եւ շանտաժի վառ ապացույց էր:

«Դա (ՄՄ-ին միանալը) Հայաստանի ժողովրդի և հայաստանյան ղեկավարության սուվերեն ընտրությունն է: Բնականաբար, Ռուսաստանը կանի ամեն ինչ Հայաստանի հետ համագործակցությանն աջակցելու համար.-հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ նշել է, որ Սարգսյանն իրեն ասել է, որ «հայաստանցի փորձագետները, տնտեսագետները ինչպես հարկն է հաշվարկել են բոլոր օգուտները և հնարավոր առավելությունները` ինտեգրացիոն միութան շրջանակներում այս սերտ համագործակցությունից, և կատարել են իրենց ընտրությունը»:

 «Պուտինն եկավ, ամեն ինչ արդեն կդզվի էս երկրում,-համոզված է 41-ամյա մասնագիտությամբ մեխանիկ , իրականում գործազուրկ Կարեն Ալումյանը,-ոնց էլ լինի Պուտինը Սերժից լավ կարա պահի էս էրկիրը, գիտեք բարեկամներս Ռուսաստան ինչ ընտիր են ապրում”:

Ալումյանի ուրախությունը «կիսում է» նաեւ մայրաքաղաքի կենտրոնում հապշտապ տեղադրված «Միացյալ Խաչ» հուշարձանը, որի վրա մեծ տառերով փորագրված է. «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Չնայած Մայրաքաղաքի բազում հակապուտինյան գրություններին, եւ “Putin not welcome to Armenia” պաստառներին,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինչ վերաբերում է Անդրկովկասին, ապա Ռուսաստանը «այստեղից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել»:

«Հակառակը,  մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում` հիմնվելով այն լավագույնի վրա, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից: Հիմնվելով լավ հարաբերությունների վրա տարածաշրջանի բոլոր երկրների` այդ թվում Հայաստանի հետ», -Գյումրիում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով ՄՄ դեմ պայքարի առաջամարտիկներից է, ասում է, որ շարունակելու են ամեն ինչ անել ընդդեմ Մաքսային միությանը:

«Դա այլանդակություն է: Սա պայքարի սկիզբն է, պայքարը շարունակելու ենք,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը Երեւանի կենտրոնում` բազմաշերտ ոստիկանական օղակի եւ ոստիկանական բազում մեքենաների արանքում:

Վերլուծաբան Բոզոյանը համոզված է, որ երկրում տիրող սոցիալ-հոգեբանական իրավիճակը պայթունավտանգ են դարձնում իրավիճակը:

«Երբ երկրում անկայուն վիճակ է իշխանությունները վախենում են ամեն ինչից»,-«Մեդիալաբին» ասում է նա,-ամեն ինչ կարող է պայթյունի համար կատալիզատորի դեր կատարել: Իրավիճակը իրոք հետարքիր է»:

© Medialab.am