Փաշինյանը նոր պղնձաձուլարանի և ատոմակայանի կառուցման համար կարևորում է երկաթուղային հաղորդակցության բացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումն ու ատոմակայանի կառուցումը, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր բացումը դիտարկում է նույն շղթային տարբեր օղակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Արեն Մկրտչյանի հարցին՝ նոր գերժամանակակից պղնձաձուլարանի կառուցման հնարավորության վերաբերյալ:

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը որպես հանքանյութի պաշարներով հարուստ երկիր՝ բնականաբար հետաքրքրություն է առաջացնում բոլոր այն երկրների և ներդրողների համար, որոնք հետաքրքրված են այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում:

«Բայց մեր քննարկումներն անընդհատ մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ այնուամենայնիվ կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են: Կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը:

Բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը:Եվ այս առումով ես նոր ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումը և երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթային տարբեր օղակներում: Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և դեպի Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե Հայաստանը սա ունենա, վստահաբար կունենա պղնձաձուլարան՝ պղնձի ձուլակտորների հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենա նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության 9-րդ կետով նախատեսված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում: