Ո՛չ Հայաստանի իշխանությունը ու ո՛չ էլ Հայաստանի որևէ քաղաքացի իրենց մենակ չեն թողել. Աղազարյանը՝ Արցախում մեկնարկած շարժման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, Արցախում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժում-հանրահավաքի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Արցախի ժողովուրդն իր կողմից ընտրված օրինական իշխանությունների հետ միասին պետք է անի ամեն ինչ իրենց ինքնորոշման իրավունքը տեղ հասցնելու, համաշխարհային հանրությանը ընկալելի դարձնելու և, հետևաբար, հասնելու իրենց նպատակին։

– Կարծում եք՝ այս ակցիայով կկարողանա՞ն հասնել դրան։

– Կարծում եմ՝ այդ ակցիան չի խանգարում, եթե չի օգնում, ապա չի էլ խանգարում։

– Արցախահայությունն ակնկալում է համայն հայության օգնությունը, կոչով դիմում են, որ իրենց մենակ չթողնեն, գործուն քայլեր են սպասում Հայաստանի իշխանություններից։ Մենա՞կ եք թողել արցախահայությանը։

– Ո՛չ Հայաստանի իշխանությունը ու ո՛չ էլ Հայաստանի որևէ քաղաքացի իրենց մենակ չեն թողել։

– Եթե բանը հասնի նրան, որ անհրաժեշտություն առաջանա Հայաստանում ևս նման ակցիաներ կազմակերպել, իշխանությունը կօժանդակի՞ այդ գործընթացին, անձամբ կմասնակցե՞ք ակցիաներին։

– Եթե որոշողը ես լինեմ՝ ո՛չ։

– Ինչո՞ւ, պարո՛ն Աղազարյան։

– Իշխանությունը կարիք չունի ակցիաներ կազմակերպելու, որովհետև առանց դրա էլ անում է ամեն ինչ օժանդակելու Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Իշխանության ակցիա անելու իմաստը ո՞րն է, ընդդիմադիր մեր գործընկերները կարող են ակցիա անել։ Այսպես թե այնպես, կրկնում եմ, իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի սատար կանգնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

– Իսկ Արցախում դժգոհ են ձեր իշխանության վարած քաղաքականությունից, մեղադրանքներ են հնչում, որ հենց Հայաստանի իշխանությունը դադարեց խոսել ինքնորոշման իրավունքի մասին, այս դեպքում ինչպե՞ս եք օժանդակում արցախահայությանը, որ այդ մարդիկ դժգոհություններ ունեն։

– Հայաստանի իշխանությունները պարտավոր են չհակառակվել, չհակադրվել Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությունների դիրքորոշումներին։ Հայաստանի իշխանությունները չեն կարող որևէ բան ասել, ստորագրել Արցախի ժողովրդի ճակատագրի հետ կապված՝ առանց Արցախի իշխանության համաձայնության: Դա պարզ է, ինչպես այս արևոտ հուլիսյան օրը։ 

– Այսինքն՝ Արցախի իշխանությունը տվե՞լ է իր համաձայնությունը, որ Հայաստանի իշխանությունը, ինչպես նշում են Արցախում, չխոսի ինքնորոշման իրավունքի մասին, պարո՛ն Աղազարյան։

– Ո՛չ, Հայաստանի իշխանությունները այս մի քանի տարվա ընթացքում հասել են այն կետին, որ պետք է տեղի ունենա Արցախ-Ադրբեջան երկխոսություն, այդ ճանապարհով պետք է լուծվի հարցը, հետևաբար, նորից եմ ասում, Հայաստանի իշխանությունն ուզենա էլ, չի կարող տնօրինել Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը։ Մենք պատրաստ ենք սատար կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունվի Արցախի իշխանության կողմից, որին համաձայն կլինի նաև արցախահայությունը։ 

– Այն, ինչ հիմա բանակցվում է, Արցախի իշխանությունը դրան համաձա՞յն է։

– Մենք հիմա բանակցում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ ու դրանք պետք է տարանջատենք Արցախ-Ադրբեջան խնդիրներից: Չեմ ասի՝ դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, բայց մեկը մյուսով չպետք է պայմանավորվի։

– Վաղը կայանալիք հանդիպումից ի՞նչ ակնկալենք։

– Ավելի լավ են այդ հանդիպումները, քան դրանց բացակայությունը, բայց կոնկրետ որևէ սպասելիք, ցավոք սրտի, չունեմ։

– Չնայած կան այդ հանդիպումները, բայց Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, ինչո՞ւ։

– Այս դրսևորումները լինելու են անընդհատ, որովհետև մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրել, ու Ալիևը նմանատիպ սադրանքներով փորձում է ճնշում գործադրել մեզ վրա, սրանից չպետք է զարմանանք ու չվախենանք։

– Ու շարունակենք գնալ խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհո՞վ։

– Անկասկած, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք այս երկու-երեք տարվա ընթացքում մեր քայլերով աշխարհի համար ընկալելի դարձրեցինք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը տարածքային հարց չէ: Դա այն չէ, որ Հայաստանը ոտնձգություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, դա ազգերի ինքնորոշման հարց է, որը գործում է տարածքների անձեռնմխելիության սկզբունքի հետ զուգահեռ: Մենք դա ենք արել, ու, կարծում եմ՝ գրեթե հաջողել ենք։

– Այսինքն՝ կարծում եք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի մասով ձեր իշխանությունը հաջողե՞լ է, պարո՛ն Աղազարյան։

– Հաջողել է այն իմաստով, որ տարածքային խնդիրը արդեն դարձել է ազգի ինքնորոշման խնդիր։ Այս խնդիրը կա, ու դրա լուծումը միայն արցախահայության ու Հայաստանի հարցը չէ, որովհետև  մեր ռազմաքաղաքական հնարավորությունները բավարար չեն հարցն այլ ձևով լուծելու համար: Հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, աշխարհի քաղաքակիրթ պետությունների ուշադրության ներքո։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am