Փաշինյանը Դիանա անունով զարմուհի չունի. «Իրավունք» թերթը ապատեղեկատվություն է տարածում(Fip.am)

«Իրավունք» թերթը հունվարի 29-ի համարում ««Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները» վերնագրով հոդված է հրապարակել, որում պնդում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմուհին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է գնել։ 

«Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է»,- գրված է հոդվածում։ 

Թերթը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզ­նեսներ ունի նաև ՀՀ-ում, և մանրամասնում. «Նույն ինքը Դիանա Փաշի­նյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղա­քում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստո­րան»։

Հոդվածն ամբողջությամբ արտատպել են 7or.am 168.am, analitik.am, tert.am, hayeli.amtimes.am կայքերը և այլ լրատվականներ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել հոդվածում առկա պնդումների իսկությունը։ 

Փաշինյանը Դիանա անունով զարմուհի չունի

Fip.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը նշեց, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ոչ միայն Դիանա Փաշինյան անունով զարմուհի, այլ ընդհանրապես նման բարեկամ չունեն։ 

Դիանա Փաշինյանը ևս հերքում է

Բացի այդ, բաց աղբյուրներում փնտրելով՝ novorossiysk.zoon.ru կայքում գտանք տեղեկատվություն Նովոռոսիյսկ քաղաքում գործող «Դիանա Փաշինյան» գեղեցկության սրահի մասին (Instagram՝ @grimerka_nvrsk)։ Կապ հաստատեցինք սրահի տնօրեն Դիանա Փաշինյանի հետ (Instagram` @diana_pashinyan), որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Սրահի սեփականատերի խոսքով՝ ինքը նոր է ամուսնացել և ձեռք է բերել ամուսնու ազգանունը՝ Փաշինյան։ Դիանա Փաշինյանը նաև նշեց, որ Նովոռոսիյսկում իր գեղեցկության սրահը գործում է արդեն մեկ տարի, իսկ Հայաստանում որևէ բիզնես չունի։ Ինչ վերաբերում է Դիանայի ամուսնուն, ապա նրա անունը Վազգեն է և նա ևս որևէ կապ չունի վարչապետի հետ։

Այսպիսով, «Իրավունք» թերթի հոդվածը, որում պնդում է կատարվում, թե Նիկոլ Փաշինյանի զարմուհին Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է բացել, ամբողջովին կեղծ է։

Քրիստիան Գինոսյան

www.Fip.am