Կրա՛կ արտակարգ դրության անունից

Մհեր Արշակյան

Արտակարգ դրությունը ոնց որ թե իշխանության մոտ բացել է այս երևույթին չվերաբերող սահմանափակումներ մտցնելու ախորժակը։ Իհարկե, արտակարգ դրությանը վերաբերող խստացումները հասկանալի են, մեծ մասը նույնիսկ անհրաժեշտ է։ Նույնիսկ ինձ նման ոչ տնաբույծն է բազկաթոռ գրկել։ 

Բայց ինչո՞ւ եք ծավալվում, հեռախոսների հետ ի՞նչ գործ ունեք, ինչո՞ւ եք «հորս արևով» օրենքներ ընդունում։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ սա գաղտնալսման հետ կապ չունի։ Դեռ մի հատ էլ ասում եք՝ եթե նախկին իշխանությունները նույնն անեին, դեմ կլինեինք։ 

Ինչ-որ բան սխալ եք անում։ Կորոնավիրուսը դեռ բավականաչափ «առողջություն» ունի ծավալվելու համար։ Կառավարության անդամները՝ նույնպես։ 

ԱԱԾ-ն ու ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց առողջությունից դժգոհելու առիթ չունեն։ Ու սրանցից յուրաքանչյուրը խիստ ցանկության դեպքում կարող է լինել իրեն չվերաբերող տեղեկության կրող։ Ամենառիսկայինը հենց այն է, որ մենք կաթոլիկ եկեղեցու խոստովանահայրերի հետ չէ, որ գործ ունենք։ 

Մենք գործ ունենք մի իրավական համակարգի հետ, որը ամբողջ էությամբ ձևավորվել է նախորդ 20 տարիների քաղաքականության մեջ։ 

Հետևաբար այդ համակարգի տարօրինակություններից ոչ մեկն ապահովագրված չէ։ Հեռախոսազրույցը գոնե վերլուծելո՞ւ են։ 

Հաստատ։ 

Գոնե հասկանալու համար, թե ում հետ ինչ եմ խոսել։ Որովհետև հնարավոր է՝ ես հեռախոսիս տեղորոշումը զբոսանքի ամբողջ ընթացքում անջատեմ, գամ տուն, միացնեմ ու սկսեմ աջ ու ձախ զրուցել։ 

Ինչ-որ բան արդեն այն չէ, ընկերներ։ 

Պարզությունը քիչ է, հետապնդման կանխավարկածի զգացումը՝ շատ։ Իսկ մեզ թվում էր, թե այդ ամենը մնացել է երկու տարի առաջվա իրականության մեջ։ 

Եթե այս օրերի ծայրահեղ խստացումները, հասկանալի է, պայմանավորված են արտակարգ դրությամբ, ապա ինչո՞վ բացատրել մեկ շաբաթ առաջ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում արված փոփոխությունները, ըստ որոնց՝ ոչ հանրային միջոցներով գործունեություն ծավալող ՀԿ-ները նույնպես պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմիններին։ 

Իշխանությունների նախաձեռնության կանխավարկածը հասկանալի է՝ մենք այնպիսին չենք լինի, որ ՀԿ-ների քննադատության թիրախ լինենք, հետևաբար ՀԿ-ներից վախենալու բան չունենք։ Ու քանի որ վախենալու բան չունենք, թող իրենց ֆինանսական թափանցիկությամբ գան առաջին պլան։ 

Իսկ ո՞վ ասաց, որ վախենալու բան չունեք։ Նախ՝ դուք իշխանության եք եկել Սերժ Սարգսյանի հանդեպ համազգային ատելության հողի վրա և մինչ այդ ոչինչ չեք ապացուցել։ Միայն հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի չափել ձեր վախը։ 

«Իմքայլական» պատգամավոր Մարիա Կարապետյանն ակնարկում է, որ իրենք, այսինքն՝ գործող իշխանությունները, լավն են, իրենց օրոք Հայաստանին սարսափելի ոչինչ չի սպասում։ 

Ո՞վ ասաց։ Կուրթանցի երիտասարդին նվաստացնողը ե՞ս էի։ Բոլոր օրենքների լեզուն այս ոճն է լինելու։ 

Բայց, աղջիկներ եւ տղաներ, հաղթեք ևս մեկ ընտրություն, հաղթեք էն կարգախոսներով, որոնցով ուզում եք վերահսկելի դարձնել ՀԿ-ներին, որոնք այսպես թե այնպես թափանցիկ են, հետո միայն ասպարեզ բերեք ձեր օրենքները։ Դուք հիմա փոխում եք, ու ոչ մի երաշխիք, որ հաջորդ ընտրություններին իշխանությունը չեք փորձի պահել տոտալիտար մեթոդներով կամ այն չի ընկնի տոտալիտար մեկ այլ քաղաքական թիմի ձեռքը։ 

Դուք օգտվել եք արտակարգ դրության ռեժիմից ու գրոհել ՀԿ-ների վրա։ Ժամանակը լավ եք ընտրել։ 

Հիմա ոչ ոք չի կարող, չի ուզի և պետք էլ չէ, որ բողոքի գործողություններ ձեռնարկի ու լցվի փողոցները։ Սրանով ի՞նչ հարց եք լուծում՝ միջազգային կազմակերպություններից ֆինանսավորումը կտրելու հա՞րց։ Ասեք այդ մասին։ 

Բայց այն դեպքում, երբ ապացուցեք, որ Սերժ Սարգսյանի կոստյումը հեռացված է Սերժ Սարգսյանի հետ միասին։ 

ՀԿ-ներ գիտեք, որոնք հարկային դաշտից դու՞րս են։ Կամ մինչև հիմա ՀԿ-ները օրենքից դո՞ւրս էին մտել հարկային դաշտ։ Պարզ ասեք՝ հասկանանք։ Որովհետև, եթե մինչև հիմա հարկային դաշտում էին ու օրենքում փոփոխություն է արվում, որ պիտի լինեն, ուրեմն բոլորովին այլ բան եք ուզում անել։ 

Չե՞ք ուզում, որ ՀԿ-ները ձեզ ջղայնացնեն։ Բայց դուք մարդ եք, իշխանության մեջ եք, ու, ինչպես երևում է, տոտալիտար ոչինչ ձեզ խորթ չէ։ Արդեն համարյա մուննաթ եք գալիս քաղաքացիների վրա։ 

ՀԿ-ները պետք է հաշվետվությո՞ւն ներկայացնեն, պարտավոր են հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց կատարած ծրագրե՞րը, տարեկան դրամական և գույքային մուտքի ամփոփ տվյալնե՞րը, որոնք նախկինում չեն ներկայացվել հարկային մարմնին։ 

Բայց սա չի՞ թուլացնում ՀԿ-ներին, մասնավորապես, չի՞ դարձնելու իշխանության խաղալիքը։ Ի վերջո, քննարկե՞լ եք ՀԿ-ների հետ։ Չարժե՞ր սպասել մի քիչ ավելի լավ ժամանակների, որ դուք էլ ինչ-որ բան ապացուցած լինեիք, նոր փորձեիք խեղճացնել ՀԿ-ներին։ 

Թե՞ այդքան ձեր հագով էր արտակարգ դրությունը։

Մհեր Արշակյան
MediaLab.am