Լեոնկավալլոյի «Պայացների» առաջնախաղը՝ օպերային թատրոնում

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան:

Դերերում. Կանիո՝ Հովհաննես Այվազյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նեդդա՝ Նունե Բադալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Տոնիո՝ Գեորգի Առաքելով, Բեպպե՝ Գրիգոր Աբրահամյան, Սիլվիո՝ Առնոլդ Քոչարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Գեղջուկ 1՝ Մարսելո Գևորգյան, Գեղջուկ 2՝ Բաղդասար Կարապետյան:

Բեմադրող դիրիժոր՝ Մկրտիչ Բաբաջանյան, բեմադրող ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ): Բեմադրության նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր նկարիչ): Լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան: Պարերի բեմադրությունը՝ Ռուբեն Մուրադյանի (ՀՀ վաստակավոր արտիստ):

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ):

Նշենք, որ «Պայացները» իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալլոյի հայտնի օպերան է՝ բաղկացած նախաբանից և 2 գործողությունից։ Լիբրետոյի հեղինակը ևս Ռուջերո Լեոնկավալլոն է։

«Պայացների» սյուժեի հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիքում` իր ծննդավայրում։ Լեոնկավալլոյի հայրը, ով դատավոր էր, ժամանակին քննել էր նմանատիպ մի գործ։

Մասնագետները, սակայն, պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել 1887 թվականին, երբ ապրում էր Փարիզում։

Օպերայի սկզբնական անվանումը եղել է «Պայաց». եզակի թիվը փոխվել է հոգնակիի այն պատճառով, որ պրեմիերայի ժամանակ Տոնիոյի դերակատար Վիկտոր Մորելը պնդել է, որ չի երգի մի օպերայում, որի անվանման մեջ իր կերպարը չի մտնում։

Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Միլանում, 1892 թվականի մայիսի 21-ին՝ Արթուրո Տոսկանինիի դիրիժորությամբ: 1893 թվականին կայացել են բրիտանական և ամերիկյան պրեմիերաները, իսկ ռուսականը տեղի է ունեցել 1894 թվականին, Սանկտ Պետերբուրգում: