«Նոր խորհրդարանի պատկերը լիարժեք ձեռնտու է Ռուսաստանին». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նման արդյունք ակնկալո՞ւմ էիք, թե՞ անակնկալ էր այս պատկերը:

– Որոշ չափով սպասելի էր, որոշ չափով՝ ոչ: Այն, որ Նիկոլ Փաշինյանը մեծ տարբերությամբ հաղթելու էր իրեն հետապնդող «Հայաստան» դաշինքին, ինձ համար պարզ էր վաղուց: Անսպասելի էին «Բարգավաճ Հայաստանի» չհայտնվելը և «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանում հայտնվելը, ես հակառակն էի պատկերացնում:

Դուք նույնպես համակարծի՞ք եք հնչող տեսակետներին, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր այս ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն այս հաղթանակը չէր տոնի:

-Այո՛, դրա մասին վաղուց եմ ասել: Վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր անցնելու, հնարավոր է՝ անցներ, բայց ոչ այդպիսի մեծ տոկոսներով:

Իմ համոզմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի լեգիտիմությունը մոտ 30-35 տոկոս էր, բայց Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելը զգալիորեն բերեց այդ տոկոսների ավելացմանը, որովհետև հասարակության մի ստվար զանգված, անկախ ամեն ինչից, չի ուզում նախկինների վերադարձը, դրանով էր պայմանավորված Փաշինյանի այդքան շատ ձայներ հավաքելը:

Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելու հետևանքով, տուժեցին նաև երրորդ ուժերը:

-Նման պատկեր ունեցող խորհրդարանի աշխատանքն արդյունավետ կլինի՞ ըստ ձեզ: Նաև՝ ինչպե՞ս եք պատկերացնում այս հակադիր ուժերի համատեղ աշխատանքը:

-Ցավոք, լավ կանխատեսումներ չունեմ նոր ձևավորվող ԱԺ-ի աշխատանքի որակի հետ կապված: Կարծում եմ, այս խորհրդարանը իր որակով ավելի վատը կլինի, քան նախորդը, և մենք էլի կտեսնենք, որ քաղաքական դիսկուրսը կպտտվի «կապիտուլյանտ», «թալանչի» փոխադարձ վիրավորանքների շուրջ:

Ընդդիմության աշխատանքի վատ որակը նաև ազդում է իշխանության աշխատանքի որակի վրա, այս առումով լավատեսության հիմքեր չունեմ:

Պարո՛ն Վարդանյան, իսկ ընդդիմությունը կարո՞ղ էր անել այնպես, որ մենք չունենայինք այս պատկերը:

– Եթե նկատի ունեք՝ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը չէր կարող անել ավելին, որովհետև 2018 թվականին մենք տեսանք, թե ինչ համազգային ուրախություն էր տիրում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

Չէր կարող երեք տարվա մեջ ամեն բան փոխվել այնպես, որ այդ ուժերը իշխանության գային ազատ, արդար ընտրության ճանապարհով: Այս առումով՝ նրանք ի սկզբանե շանսեր չունեին, բայց երևի իրականությունից կտրվել էին կամ մտածում էին, որ այս վերջին պատերազմի պարտության ֆոնին ժողովուրդը կարող է իրենց քվե տալ:

Իսկ ընդդիմադիր մյուս ուժերի չհաջողելը պայմանավորված է մի քանի գործոններով:

Այդ առողջ ուժերի դաշտը բավականին մասնատված էր, բոլորը հանդես էին գալիս առանձին, և ընտրողին բավականին դժվար էր կողմնորոշվել:

Երկրորդ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ահռելի ֆինանսական, վարչական ռեսուրսներ ունեին, ինչը չունեին այդ ուժերը:

Երրորդ ուժերը Հայաստանում բավական թույլ են ու չեն կարողանում զարգանալ, որովհետև մի կողմից իշխանությունն է ճնշում նրանց, իսկ մյուս կողմից՝ նախկին իշխանությունը:

– Նոր ձևավորված խորհրդարանում, ըստ էության, արևմտամետ քաղաքական ուժ չկա, բոլորը ռուսամետ են: Այս առումով տեսակետ կա, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն է ունեցել այս արդյունքի վրա: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Չեմ կարծում, թե լուրջ ազդեցություն է ունեցել, ամեն դեպքում, ընտրությունների այս պատկերը ձևավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Բայց պետք է նկատել, որ արևմտամետ-ռուսամետ բաժանումը ավելի շատ քաղաքականացված մարդկանց մոտ է առկա: Շարքային քաղաքացին ընտրություն չի կատարում՝ այդ հանգամանքը նկատի ունենալով: Նա առաջնորդվում է իրեն հուզող սոցիալական խնդիրների լուծման հնարավորություններով:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ հայաստանյան խորհրդարանի նոր պատկերը որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանին:

– Ռուսաստանին, իհարկե, ձեռնտու է այս պատկերը, լիարժեք է ձեռք տալիս:

Եթե նախկինում իշխանություններին ձեռնտու էր, որ խորհրդարանում կար արևմտամետ ընդդիմություն, և այդ հիմքով ինչ-որ տեղ կարողանում էին մանևրել, Ռուսաստանին ցույց տալ, որ եթե իրենք չլինեն՝ կարող են արևմտամետները գալ իշխանության, ապա հիմա այդ հնարավորությունն էլ չկա, ինչը նաև մեր պետության համար է վատ:

– Կարծում եք՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ այս խորհրդարանի աշխատանքն անարդյունավե՞տ կլինի:

– Այո՛, իհարկե, արտաքին քաղաքականության մասով էլ մանևրելու տեղերը զգալիորեն փոքրանում են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am