Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում

Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում
Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի հյուրախաղերը Երևանում

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում և << ՀՀ մշակությի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2010-2012 թթ. համագործակցության մասին>> ծրագրի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացմամբ ս. թ. հունիսի 21, 22 և 24-ին հյուրախաղերով հանդես կգա Բորիս Ալեքսանդրովիչ Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Բ. Ա. Պոկրովսկու անունը կրող երաժշտական թատրոնը հունիսի 21-ին և 22-ին հայաստանյան թատերասեր հասարակայնության դատին կներկայացնի Մոցարտի <<Դոն Ժուան կամ պատժված սրտակերը>> /առաջնախաղը`1987 թ./ ուրախ դրամա երկու գործուղությամբ ներկայացումը, իսկ հունիսի 24-ին` Մոցարտի <<Կախարդական սրինգ>> / առաջնախաղը` 2004 թ./` երկու գործողությամբ օպերան:

Երևանյան հյուրախաղերում Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը հանդես կգա լավագույն /ՌԴ Ժող. արտիստ Ալեքսեյ Մոչալով, ՌԴ վաստ. արտիստներ` Վիկտոր Բորովկով, Մարիա Լեմեշևա, Գերման Յունավսկի, Յուլիյա Մոիսեևա, Սերգեյ Օստրոումով և այլք/ դերասանական կազմով:

Մոսկվայի պետական կամերային երաժշտական թատրոնը ԽՍՀՄ ժող. արտիստ, ԽՍՀՄ և Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Բորիս Ալեքսանդրովիչ Պոկրովսկին հիմնադրել է 1972 թ., միաժամանակ ստանձնելով թատրոնի գլխավոր ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: 1997 թ.-ից թատրոնը ստացել է ակադեմիական անվանումը: Թատրոնին կից գործում է մանկական ստուդիա:

Բ. Ա. Պոկրովսկին ծնվել է 1912 թ. Մոսկվայում, ստեղծագործական ուղին սկսել է Գորկու Պուշկինի անվան օպերայի և բալետի թատրոնում 1937 թ.-ից, որտեղ գործուղվել է աշխատելու Մոսկվայի թատրոնի պետական ինստիտուտը ավարտելուց հետո:

1943-1952 թթ. Բ. Ա. Պոկրովսկին հրավիրվել է աշխատելու <<Մեծ թատրոն>> նախ որպես ռեժիսոր, ապա նույն թատրոնում 1952 թ.` որպես գլխավոր ռեժիսոր: <<Մեծ թատրոնի>> բեմին նա ծառայել է մինչև 1982 թ. կյանքի կոչելով ավելի քան 40 օպերային ներկայացումներ / <<Սադկո>>- Ռիմսկի -Կորսակով, <<Ֆիգարոյի ամուսնությունը>>- Մոցարտ, <<Պատերազմ և Խաղաղություն>>-Պրոկոֆև, <<Ռուսլան և Լյուդմիլա>>- Գլինկա, <<Մեռած հոգիներ>>-Շչեդրին…/, որոնք մինչ օրս էլ փառք են բերում թատրոնին:

Պրոֆեսոր Բ. Ա. Պոկրովսկին 1949 թ.-ից դասավանդել է Թատերական արվեստի ռուսաստանյան ակադեմիայում /ГИТИС/ իր տաղանդով և իմացությամբ կրթել և դաստիարակել է օպերային երգիչների և ռեժիսորների բավականին ստվար բանակ, հեղինակ է 1 տասնյակ մասնագիտական դասագրքերի:

Բ. Ա.Պոկրովսկին վախճանվել է 2009թ. հունիսի 5-ին, 97 տարեկան հասակում: Մահից հետո Ա. Պոկրովսկու անունը կրող Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնում այսօր հանդես է գալիս է ՌԴ արվեստի վաստ. գործիչ Միխայիլ Կիսլյարովը, ով ի դեպ, ավարտել է Բ. Պոկրովսկու արվեստանոցը: Հավելենք, որ թատրոնը ակտիվ մասնակցում է հյուրախաղերի, ելույթ է ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում ու վայելում հանդիսականի սերն ու համակրանքը:

ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին մասնակցում են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Ագրոնսկին, թատրոնի գլխավոր ռեժիսոր Միխայիլ Կիսլյարովը, Ժող. արտիտ Ալեքսեյ Մոչալովը, Ժող. արտիտ Մարիա Լեմիշևան, թատրոնի տնօրեն Օլեգ Միխայլովը, ինչպես նաեւ Ինտերկուլտուրա կազմակերպության ներկայացուցիչներ Վալենտին Սավչենկոն և Նատալյա Մատվեևան: