Չինաստանի բնակչության ավելի քան 85 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

 Չինաստանում ավելի քան 1,22 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը ներկայացնում է երկրի բնակչության ավելի քան 85%-ը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգի հայտարարությանը։

«Հունվարի 14-ի դրությամբ Չինաստանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2,928,981,000 չափաբաժին, իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը կազմում է 1,220,584,000»,- հայտնել է Մի Ֆենգը։

Ըստ վերջին մարդահամարի՝ ՉԺՀ-ի բնակչությունը կազմում է ավելի քան 1,411 միլիարդ մարդ, այսպիսով, մինչ օրս երկրի բնակիչների ավելի քան 85%-ն ավարտել է պատվաստումների գործընթացը։

Չինաստանի իշխանությունները նախկինում հաստատել են զանգվածային օգտագործման չորս պատվաստանյութեր, այդ թվում՝ երեք անակտիվացված պատվաստանյութեր, որոնք մշակվել են Beijing Kexing Zhongwei Biotechnology-ի (Sinovac-ի մաս), Ուհանի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի (Sinopharm կառույց) և China National Biotech Group-ի (Sinopharm-ի մաս) կողմից: Հաստատվել է նաև CanSino Biologics-ի Ad5-nCoV ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված COVID-19-ի դեմ միակ ռեկոմբինանտ պատվաստանյութը Չինաստանում։ Չինաստանում պատվաստումն անվճար է և կամավոր։