Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Երևանը մինչ օրս կապված են շատ սերտ երկկողմ հարաբերություններով:
Ռուսատանը մտադիր է շարունակել սերտ երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանի եթերում։
«Նրանք (Հայաստանը) հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությամբ (ՇՀԿ), ինչը նշանակում է, որ իրենց թվում է, թե վարում են բազմավեկտոր քաղաքականություն։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք հնարավորինս լայն համագործակցությամբ բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում։ Բացի բազմակողմ ձևաչափից, մեզ շարունակում են միավորել սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք շարունակել զարգացնել»,-նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին նկատվում են տարբեր ոլորտներում հավասարակշռման միտումներ։ «Մենք հստակ գիտենք, թե ԵԱՏՄ անդամությունը ինչ է տվել Հայաստանին։ Հիմա կտեսնենք՝ ԵՄ-ի հետ մերձեցումը ինչ կտա։ Ամեն ինչ համեմատությամբ է երևում»,- ասել է նա։



















