Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրեց, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինելու. թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը

– Պարո՛ն Խուդավերդյան, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն առաջարկել է հանդիպել: Ձեր կարծիքով՝ նման առաջարկ իսկապե՞ս արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: 

– Էրդողանի հայտարարությունը միանշանակ իրականությանը համապատասխանում է, որովհետև նման մակարդակի միջազգային հարաբերություններում պարզապես չեն կարող ոչ հավաստի կամ չճշտված հայտարարություններ արվել: 

Ուշագրավ է, որ այդ հայտարարությունը ևս Էրդողանը հնչեցնում էր նախապայմաններով, հետևաբար, կարող ենք ասել, որ այս հարցում անհամաձայնություն կա Հայաստանի իշխանությունների ու Էրդողանի միջև: Էրդողանը կրկին ընդգծեց, որ պետք է կատարվեն Թուրքիայի նախապայմանները: Հետաքրքիր է, որ նա միջանցքի մասին խոսեց, բայց կարծում եմ, որ թուրքական հիմնական նախապայմանները երկուսն են: 

Առաջինը, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ու Ցեղասպանության հարցում գան համաձայնության: Այս երկու հիմնական նախապայմանների կատարումից հետո միայն Թուրքիան Հայաստանի հետ կհաստատի դիվանագիտական հարաբերություններ:

– Այսինքն՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ձեր նշած երկու նախապայմանների համեմատությամբ, առաջնայի՞ն չէ Թուրքիայի համար:

– Թուրքիան այս երկու հիմնական նախապայմանների մասին տարիներ շարունակ խոսել է: Էրդողանը հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը հայկական կողմի համար անընդունելի նախապայման է, և Էրդողանն այդ մասին նշեց՝ հասկացնելու համար, որ եթե մնացած նախապայմանները չեն կատարվում, ապա Թուրքիան որևէ կերպ չի բացի հայ-թուրքական սահմանը:

– Այդ համատեքստում ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանն ի՛նչ է ցանկանում քննարկել Էրդողանի հետ, որ հանդիպման առաջարկ է արել:

– Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, թե Ռուսաստանի հովանու ներքո Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը, սակայն չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ու չեմ կարծում, որ Պուտինի միջնորդությամբ Էրդողանը համաձայներ բացել սահմանը՝ առանց Թուրքիայի նախապայմանների կատարման: Ու քանի որ Թուրքիան Արևմուտքի անդամ է, կարող ենք ասել, որ այդ նախապայմանները բխում են նաև Արևմուտքի շահերից:

Նիկոլ Փաշինյանը չունի նաև այն վստահությունը, որ Թուրքիան կարող է զիջումների գնալ իր նախապայմանների հարցում:

– Պարո՛ն Խուդավերդյան, իսկ ինչո՞ւ Էրդողանը հայտարարեց այդ մասին, ու ինչո՞ւ է հայկական կողմն այդ մասին լռում: 

– Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրեց, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինելու, որովհետև ընդգծեց, որ իրենք Հայաստանից ակնկալում են ավելի հստակ քայլեր՝ միանշանակ ակնարկելով հենց նախապայմանները:

– Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց Վրաստանը որպես միջնորդ ընտրել:

– Այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող: Գուցե Նիկոլ Փաշինյանը փորձել է այդկերպ Թուրքիային ակնարկել, որ բացի Պուտինից, իրենք կարող են շփվել նաև Վրաստանի վարչապետի միջոցով: Իսկ Էրդողանը, խոսելով այդ մասին, հասկացրեց Փաշինյանին, որ կապ չունի՝ ում միջոցով կշփվեն, միևնույն է, քանի չեն կատարվել Թուրքիայի նախապայմանները, հայ-թուրքական սահմանը չի բացվելու:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունը պատրա՞ստ է կատարելու այդ նախապայմանները՝ հաշվի առնելով նաև այդ հանդիպման առաջարկը:

– Հայաստանի իշխանությունների փոխարեն չեմ կարող պատասխանել այս հարցին:

– Նկատի ունենալով երկու երկրների ղեկավարների կողմից հնչող հայտարարությունները՝ ի՞նչ զարգացումներ կլինեն հայ-թուրքական հարաբերություններում, պարո՛ն Խուդավերդյան: Ի՞նչ սպասել առաջիկայում:

– Հայ-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս լարված իրավիճակ է, իսկ առանց այդ հարաբերությունների բարելավման չի կարող հայ-թուրքական հարաբերությունների բարելավում լինել: Այս առումով զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինչ-որ դրական ազդակներ կան Թուրքիայից, այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ լարված են: Որքան հայ-ադրբեջանական լարվածությունը շարունակվի, այնքան անորոշ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am