«Պոչերի հոտը տարածվել է Կապանում». ՀԿ-ներն ու բնապահպանները պարզաբանումներ են պահանջում

«Պոչերի հոտը տարածվել է Կապանում». ՀԿ-ներն ու բնապահպանները պարզաբանումներ են պահանջում
«Պոչերի հոտը տարածվել է Կապանում». ՀԿ-ներն ու բնապահպանները պարզաբանումներ են պահանջում

Օգոստոսի 20-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանով հոսող Ողջի գետի՝ թափոնաջրերով աղտոտվելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի եւ տեղի բնակիչների առողջության վրա: Այդ մասին հավաստում են բնապահպանները եւ Կապանի մտահոգ ՀԿ-ները: Նրանց օրեր առաջ կազմակերպված քննարկման նպատակը`Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության եւ ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից համապատասխան պարզաբանումներ ստանալն էր տեղի ունեցածի վերաբերյալ: Բնապահպանները պնդում են, որ առանց իրենց վերահսկողության իրավիճակը լիովին կարող է դուրս գալ հունից:
Հիշեցնենք, որ Ողջի գետը աղտոտվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով եւ գետը ավելի քան 12 ժամ աղտոտվել է պոչամբարի ջրերով:

«Տեղի ունեցած վթարի հետեւանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետեւանքների հաշվարկման, հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-ները հետեւողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը»,-նշված է Կապանի ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:

ՀԿ-ների ներկայացուցիչները քննադատում են ԶՊՄԿ ՓԲԸ-ի եւ Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը եւ կոչ են անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի տնօրեն Արմեն Փարսադանյանը նշում է, որ «պոչերի» մաքրման աշխատանքները գետի չոր հատվածներից մեծ նշանակություն ունեն, քանի որ չորանալու դեպքում այն փոշու տեսքով կտարածվի Կապանում:

«Քննարկմանը մասնակիցները նույնիսկ հայտնում էին, որ գլխացավ ու սրտխառնոց ունեին եւ դա բնական է, քանի որ պոչերի հոտը տարածվել է Կապանում:

Պոչերը բնականաբար իրենց մեջ ծանր մետաղներ եւ տոքսիկ նյութեր են պարունակում, որոնք աղտոտում են Ողջի գետը՝ վերացնելով կենդանական աշխարհը կամ մուտացիայի ենթարկելով այն: Պոչերը նստվածք են տալիս գետի հատակին եւ երկար ժամանակահատվածում իրենց բացասական ազդեցությունը կունենան եւ ջրի մաքրության, եւ կենդանական աշխարհի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Փարսադանյանը:

Նա նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ողջի գետի ջրերը ազատագրված տարածքներում օգտագործվում են նաեւ ոռոգման նպատակներով, հնարավոր չէ չափել հասցված վնասի չափը /ազատագրված տարածքներում բնակչութունը համատարած գյուղատնտեսությամբ է զբաղված, իսկ մթերքները սպառվում են տեղական շուկայում /:

«Պետք է բացառել նման վթարները, քանի որ այն ահռելի ծավալների է եւ դժվար է նույնիսկ գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը: Ծանր մետաղները անցնելով մարդու օրգանիզմ չեն անհետանում կամ քայքայվում, այլ մնալով օրգանիզմում առաջացնում են քաղցկեղ, ներքին համակարգի խանգարումներ, մուտացիաներ:

Բնապահպանության նախարարությունը պետք է արդարացիորեն գնահատի շրջակա միջավայրին հասցված վնասը եւ պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական»,- նշում է Փարսադանյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am