Արհեստական բանականության՝ վերահսկողությունից դուրս եկած գործակալները փորձել են կոտրել ԱՄՆ-ի և Կանադայի պետական կառույցների կայքերը։ Հետազոտողները դեռ չեն կարող վստահորեն ասել, թե ով է պատասխանատու կատարվածի համար, սակայն առկա տվյալները մատնանշում են Google-ի և OpenAI-ի ԱԲ գործակալներին։ Փորձերը հաջողությամբ չեն ավարտվել, և փակ կամ ոչ հրապարակային տվյալների հասանելիություն չի արձանագրվել։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, ոչ առևտրային Transluce հետազոտական լաբորատորիան ուսումնասիրել է մի շարք դեպքեր, որոնց ընթացքում ԱԲ գործակալները ագրեսիվ մեթոդներ են կիրառել պետական կայքերից տեղեկություններ ստանալու և դրանց խոցելիությունները ստուգելու համար։
Մասնավորապես՝ հունիսի 17-ին ԱՄՆ կրթության նախարարության կայքում ԱԲ գործակալները կատարել են ավելի քան 200 հազար հարցում։ Դրանց թվում եղել են նաև հատուկ ձևափոխված տվյալներով հարցումներ՝ համակարգի հնարավոր խոցելիությունները ստուգելու և սովորական պաշտպանական ֆիլտրերը շրջանցելու նպատակով։
Նմանատիպ երկու դեպք է արձանագրվել նաև Կանադայի «Գրադարան և արխիվներ» դաշնային կառույցի կայքում՝ մայիսի 28-ին և հունիսի 9-ին։ Գործակալները կատարել են 899 հարցում՝ 1905-1911 թվականների ամուսնալուծությունների վերաբերյալ տվյալներ որոնելով։ Դրանցից 13-ը պարունակել են կայքի խոցելիությունը ստուգելու համար նախատեսված հարձակման տարրեր։ Փորձերը հաջողություն չեն ունեցել։
Transluce-ի տվյալներով՝ ԱԲ գործակալների թիրախում են հայտնվել նաև Սպիտակ տունը, ԱՄՆ արդարադատության և առևտրի նախարարությունները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC), ինչպես նաև մի շարք նահանգային կառույցներ։
Հետազոտողները նշում են, որ առայժմ չեն կարող բավարար վստահությամբ այդ գործողությունները վերագրել OpenAI-ին։ Կանադայի կիբերանվտանգության կենտրոնն էլ հայտարարել է, որ պետական համակարգերի վնասման կամ դրանց հասանելիության խախտման որևէ նշան այս պահին չկա։



















