Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

Վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ այդ այցելությանը նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան: Եթե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Պեկրեսին ընդունեց իր նստավայրում, ապա Զեմուրի պարագայում որևէ  նման ընդունելություն կամ հանդիպում չեղավ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնեցին հետևյալը.

«Հանդիպումը պաշտոնապես կազմակերպելու առաջարկով և խնդրանքով նախագահի աշխատակազմին է դիմել ՀՀ ԱԳՆ-ը, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ուղեկցել է տիկին Պեկրեսի պատվիրակությունը և ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպմանը:

Նշենք, որ խոսքն այստեղ ոչ թե Ֆրանսիայի նախագահի այս կամ այն թեկնածուի հետ հանդիպման, այլ Ֆրանսիայից ժամանած պաշտոնական պատվիրակության այցի մասին է, որը գլխավորում էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի` Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի շրջանային խորհրդի գործող նախագահ տիկին Վալերի Պեկրեսը: Այդ շրջանի հետ մենք ունենք տասնամյակների արդյունավետ համագործակցություն:

Ֆրանսիացի լրագրող, մեկնաբան Էրիկ Զեմուրի պարագայում նման դիմում կամ հանդիպման առաջարկ ՀՀ նախագահի գրասենյակը պաշտոնապես չի ստացել»: