«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների գույքն ու եկամուտները․ FIP.am

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը համալրվեցին նոր պատգամավորներով։ 

Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնեական պարտավորությունները ստանձնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ։ Այն պաշտոնյաները, որոնք պաշտոնի դադարեցումից հետո՝ 30 օրվա ընթացքում նշանակվում են այլ պաշտոնի, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացնում։ Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտարարագիր պետք է ներկայացնեն միայն այն պատգամավորները, որոնք չեն եղել նախորդ խորհրդարանում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՔՊ-ի համամասնական ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը։ Նշենք, որ հայտարարագիր ներկայացրած պատգամավորներից ընտրել ենք հանրության շրջանում առավել հայտնիներին։

Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի գույքն ու եկամուտները

էդուարդ Աղաջանյանը 2018 թ. աշխատել է HSBC բանկում՝ որպես ռիսկերի կառավարման մասնագետ։ 2018-ից հետո զբաղեցրել է վարչապետի  աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Աղաջանյանը 2001-ին նվիրատվություն է ստացել բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Կենտրոնում գտնվող բնակարանն Աղաջանյանին է պատկանում համատեղ սեփականության իրավունքով, այսինքն գույքն ամբողջությամբ պատգամավորինը չէ։ Աղաջանյանն ունի նաև հողամաս Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ինչպես նաև NISSAN մակնիշի ավտոմեքենա։ Նշենք, որ և՛ հողամասը, և՛ մեքենան գնել է 2013-ին։ Էդուարդ Աղաջանյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 30 հազար դրամ։ Պատգամավորն ունեցել է նաև 200 հազար դրամ կանխիկ գումար։ Աղաջանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 2 միլիոն 281 հազար դրամ, որը նա ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։

Էդուարդ Աղաջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Անշարժ և շարժական գույքը

բնակարան, Երևան, Կենտրոն վարչական շրջան, համատեղ սեփականություն

հողամաս, Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան

մեքենա, Nissan մակնիշի

Կանխիկ դրամական միջոցները

200 հազար դրամ

Դրամական միջոցներն ու եկամուտները

5 միլիոն 30 հազար դրամ

միլիոն 281 հազար դրամ

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Էքսիփէդ» ՍՊԸ-ում, ՍՊԸ-ի մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին։ Ընկերությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի գույքն ու եկամուտները

Գուրգեն Արսենյանը 1990-1994-ին եղել է ՀՀԿ անդամ, հետագայում հիմնել է «Միավորված աշխատանքային կուսակցությունը», ավելի ուշ արդեն Արսենյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Գուրգեն Արսենյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ պատգամավորը հայտարարագրել է 11 հողամաս, որոնցից մեկը Արսենյանին է պատկանում համատեղ սեփականության իրավունքով, 3 առանձնատուն՝ երկուսը Երևանի Արաբկիր վարչական շրջանում, մեկը՝ Գյումրիում, 4 հասարակական նշանակության շինություն և 1 միավոր այլ անշարժ գույք։ Ըստ հայտարարագրի՝ նա ունի տարբեր մակնիշների 4 մեքենա․ Nissan, Bentley, Mercedes Benz, Range Rover:

Այս ամենից զատ՝ Արսենյանը համարվում է 6 ընկերությունների միանձնյա սեփականատեր, իսկ երկուսում էլ ունի բաժնային մասնակցություն՝ մեկում՝ 51%, մյուսում՝ 13%։

Հետաքրքիր է, որ Արսենյանը միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 6 ընկերություններից 4-ը ձեռք է բերել 2004 թվականին։ Մյուս ընկերությունների սեփականատեր է դարձել 1997 և 2017 թվականներին, իսկ 13 և 51 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերել, համապատասխանաբար, 2014 և 2015 թվականներին։

Արսենյանը բավական ակտիվ է նաև ֆոնդային բորսաներում։ Նախորդ տարի վերջինս գնել է 8 միլիոն դոլարի արժեթղթեր Նյու Յորքի ֆոնդային բորսայից։

Արսենյանի հայտարարագրից տեսնում ենք, որ վերջինս որպես փոխառություն մեծ գումարներ է տրամադրել տարբեր կազմակերպությունների։

Այսպես, 48․3 միլիոն դրամ փոխառություն է տրամադրել իրեն պատկանող «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ-ին, 8․8 մլն դրամ՝ «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ին, 400 հազար դոլար՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ին և 600 հազար դոլար՝ «Վելեա Հոլդինգս»-ին։

Արսենյանից խոշոր չափերի հասնող փոխառություններ են վերցրել նաև անհատներ։ Վերջինս 1 միլիոն 120 հազար դոլար է տրամադրել որդուն՝ Բաբկեն Արսենյանին։ Որդուց բացի, Արսենյանը 300 հազար դոլար է տրամադրել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին և 200 հազար դոլար՝ Արտակ Հարությունյանին։

Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամը գերազանցող բազմաթիվ իրեր։ Նրա հայտարարագրում տեսնում ենք «Բրեգետ» և «Աուդեմար Պիգե» ընկերությունների երկու ժամացույցներ, համապատասխանաբար՝ 51 միլիոն 300 հազար և 82 միլիոն դրամ արժողությամբ, 1 կգ ոսկյա ձուլակտոր, որի արժեքը 32 միլիոն 55 հազար դրամ է, 2 հատ ոսկյա հուշադրամների հավաքածու՝ 18 միլիոն դրամ, 19 հատ նկարների հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը 532 միլիոն 900 հազար դրամ է, 300 հազար դոլար արժողությամբ ճաշասենյակի կահույք, հյուրասենյակի կահույք 18 միլիոն դրամ արժողությամբ, խոհանոցի կահույք 110 միլիոն արժողությամբ և ննջասենյակի կահույք 62 միլիոն արժողությամբ։

Գուրգեն Արսենյանի հայտարարագրած թանկարժեք գույքի շարքում կա նաև 5 միլիոն արժողությամբ հեռուստացույց, ակոսափող հրացան՝ 6 միլիոն դրամ արժողությամբ, հեռադիտակ՝ 8500 դոլար արժողությամբ, ճաշի սպասքի հավաքածու և արծաթյա սպասքի հավաքածու՝ ընդհանուր 118 հազար դոլար արժողությամբ։

Պատգամավորի բանկային հաշվին առկա գումարները, ըստ հայտարարագրի, կազմում են մոտ 438 հազար դոլար։ Վերջինս հայտարարագրել է նաև 4․8 միլիոն դրամ և 694 հազար դոլար կանխիկ գումար։ Արսենյանը նաև ստացել է 3 միլիոն 400 հազար դրամ շահաբաժին իրեն պատկանող «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից։ Դրանից բացի՝ Արսենյանը նույն «Յունիքորն գրուպ ՓԲԸ»-ից ստացել է 1 միլիոն 260 հազար դրամ գումար՝ որպես տարածքի վարձակալության վճար։

Գուրգեն Արսենյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Անշարժ և շարժական գույքը

3 առանձնատուն, երկուսն Երևանի Արաբկիր վարչական շրջանում, մեկը՝ Գյումրիում

4 հասարակական նշանակության շինություն

այլ անշարժ գույք

11 հողամաս, տասը՝ միանձնյա սեփականության իրավունքով, մեկը՝ համատեղ սեփականության

4 մեքենա․ Nissan, Bentley, Mercedes Benz, Range Rover

Թանկարժեք իրեր

2 ժամացույց, Բրեգետ և Աուդեմար Պիգե ֆիրմայի, համապատասխանաբար 51 միլիոն 300 հազար և 82 միլիոն դրամ արժողությամբ

1 կգ ոկյա ձուլակտոր, 32 միլիոն 55 հազար դրամ

2 հատ ոսկյա հուշադրամների հավաքածու, 18 միլիոն դրամ

19 հատ նկարների հավաքածու, ընդհանուր 532 միլիոն 900 հազար դրամ

ճաշասենյակի կահույք, 300 հազար դոլար

հյուրասենյակի կահույք, 18 միլիոն դրամ

խոհանոցի կահույք, 110 միլիոն դրամ

ննջասենյակի կահույք, 62 միլիոն դրամ

հեռուստացույց, 5 միլիոն դրամ

ակոսափող հրացան, 6 միլիոն դրամ

հեռադիտակ, 8500 դոլար

ճաշի սպասքի հավաքածու և արծաթյա սպասքի հավաքածու, ընդհանուր 118 հազար դոլար

Գուրգեն Արսենյանի բիզնես գործունեությունը

Ինչպես նշեցինք, Գուրգեն Արսենյանին են պատկանում մի շարք ընկերություններ։ Դրանք են «Արսօյիլ», «Յունիքորն Ֆլորա», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն քոնսթրաքշն», «Յունիքորն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունները և «Յունիքորն սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Արսենյանը 51% բաժնեմաս ունի նաև «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում։ Վերջինս 13% բաժնեմաս ունի նաև փոքր և միջին բիզնեսի համար վարկեր տրամադրող ռուսական «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ում։ 

Ի դեպ, Արսենյանի կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, հանդիսանում է «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ի 20 տոկոսի բաժնետեր, միաժամանակ զբաղեցնում է «Մարդիկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը։ Նշենք, որ «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ն զբաղվում է պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ, իսկ «Մարդիկ» ՓԲԸ-ն տեղեկատվության մատակարարման և այլ գործունեություն է իրականացնում։

Պատգամավոր Տրդատ Սարգսյանի գույքն ու եկամուտները

Տրդատ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա եղել է «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ-ի փոխնախագահ և «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ։ 2018-ից հետո Տրդատ Սարգսյանը եղել է Երևանի ավագանու անդամ, ավելի ուշ՝ Վայոց ձորի մարզպետ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Տրդատ Սարգսյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Որպես պատգամավոր նա հայտարարագրել է այս տարի ձեռք բերած մեկ բնակարան և շենքի ոչ բնակելի տարածք Երևանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաև ավտոկայանատեղի Ավանում։ Տրդատ Սարգսյանը 2017-ին նվիրատվություն է ստացել հողամաս Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Բացի Ավանում գտնվող բնակարանից, Սարգսյանը համատեղ սեփականության իրավունքով ունի ևս մեկ բնակարան Ավանում։ Ըստ հայտարարագրի՝ 2019-ին Սարգսյանը գնել է KIA մակնիշի ավտոմեքենա։

Տրդատ Սարգսյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 700 հազար դրամ։ Սարգսյանն ունեցել է 4․5 միլիոն դրամ, 8 հազար դոլար և 3 հազար եվրո կանխիկ գումար: Սարգսյանը հայտարարագրել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ստացած 4․5 միլիոն դրամ աշխատավարձը։ 

Տրդատ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Անշարժ և շարժական գույքը

բնակարան, Երևան, Ավան վարչական շրջան

ավտոկայանատեղի, Երևան, Ավան վարչական շրջան

բնակարան, Երևան, Ավան վարչական շրջան, համատեղ սեփականություն

հողամաս, Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, նվիրատվություն

մեքենա, KIA մակնիշի

Կանխիկ դրամական միջոցները

4․5 միլիոն դրամ

8 հազար դոլար

հազար եվրո

Եկամուտները

4․5 միլիոն դրամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, աշխատավարձ

շենքի ոչ բնալելի տարածք, Երևան, Ավան վարչական շրջան

Բացի սա, Տրդատ Սարգսյանը վերցրել է 19․5 միլիոն դրամ վարկ, ինչպես նաև վաճառել իրեն պատկանող 2 միավոր անշարժ գույք՝ մոտ 45 միլիոն դրամով։ 2020-ից նա հանդիսանում է կրթական ծառայություններ մատուցող «Պրոմենադ» ՍՊԸ-ի սեփականատերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք «Հայաստան» դաշինքի պատգամավորների հայտարարագրերին, իսկ հաջորդ հոդվածով կանդրադառնանք «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին։

Փաստերի ստուգման հարթակ