Ըստ քաղաքագետի` Bayraktar-ի խոցումը կարող է ազդեցություն ունենալ, և բանակցային, և ռազմի դաշտում

Ադրբեջանի զինված ուժերի շահագործման տակ գտնվող, թուրքական արտադրության Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցումը Արցախի Պաշտպանության բանակի կողմից քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` կարող է փոխվել իրավիճակը, թե’ ռազմի դաշտում, թե’ բանակցային գործընթացում: Քաղաքագետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Խոսում են այն մասին, որ ԱԹՍ-ների շնորհիվ Ադրբեջանը որոշակի առավելություն էր ստանում մարտի դաշտում: Այդ հանգամանքը, նույնիսկ, թույլ տվեց գերմանացի պատգամավորներին` Ստեփանակերտում տիրող իրավիճակն անվանել, որպես անօդաչուների միջոցով իրականացվող ցեղասպանություն:

Չխորանալով այն պատճառների մեջ, թե ինչու մեր զինվորականների մոտ ստացվեց վերջին շրջանում ավելի մեծ քանակով խոցել անօդաչու թռչող սարքերն ու մասնավորապես` Bayraktar-ները, մենք կարող ենք ասել, որ այս պարագայում իրավիճակը դաշտում կարող է փոխվել:

Այն հանգամանքը, որ մեր զինված ուժերի մոտ ավելի հաջող է ստացվում հասցնել վնասն այն մասում, որտեղ Ադրբեջանը մինչ օրս ունեցել է ժամանակավոր առավելություն, կարող է իր ազդեցությունն ունենալ, և’ ռազմական դաշտում, և’, տեսականորեն, բանակցային գործընթացի ժամանակ»,- ասաց Մարկարովը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին նման տեսակի անօդաչու թռչող սարքեր մատակարարելուն` Մարկարովը նշեց, որ Թուրքիան պետք է մտածի` արդյոք անհրաժե՞շտ է Bayraktar մատակարարել մի երկրին, որը չի կարողանում օգտվել դրանից:

«Ադրբեջանն արդեն սահմանել է համաշխարհային ռեկորդ այն տեսանկյունից, որ նրանք հուլիսյան իրադարձությունների ժամանակ արդեն կորցրել են իսրայելական համապատասխան ԱԹՍ-ն, որը մինչ այդ համարվում էր անխոցելի: Թուրքիան պետք է մտածի, թե որքանով է նպատակահարմար Bayraktar մատակարարել մի երկրին, որը չի կարողանում օգտվել 5-րդ սերնդի այդ ռազմական տեխնիկայից»,- ասաց Մարկարովը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։