Հայաստանում 206 դատավորի աշխատավարձ կբարձրանա շուրջ 60 տոկոսով

Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել այսօր ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը: Հայաստանում ունենք գործող 300 դատավոր: Նախագիծը հաստատվելու դեպքում թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Դա ընդհանուր իրավասության դատարանն է, վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ այդ փոփոխությունը կբերի նրան, որ գերծանրաբեռնված այդ օղակն ավելի գրավիչ կլինի մասնագետների համար: Բացի այդ՝ միջազգային գործընկերներն ու չափանիշները վկայում են, որ նման սոցիալական երաշխիքների ապահովումը նպաստում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալուն:

Կառավարությունը 2022 թվականին արդեն բարձրացրել էր Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը: Մինասյանը հավելեց՝ կա նաև բարձր աշխատավարձերով նորաստեղծ եռաստիճան Հակակառուպցիոն դատարանը: Փաթեթային լուծումն ավարտին հասցնելուց հետո կմնա միայն մեկ օղակ՝ Վերաքննիչ դատարանը, որում գործում է շուրջ 65 դատավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ դատավորների և առհասարակ պաշտոնյաների աշխատավարձն առաջին հերթին բարձրացնում են քաղաքացիների համար: «Քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Եվ դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց՝ կառավարության համար  կարևոր է, որ աշխատավարձերի փոփոխությունն ու ֆինանսական ծախսը ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ: Առանց բովանդակային փոփոխությունների կառավարությունն ուղղակի աշխատավարձի բարձրացում չի անելու: