«20-80 % զեղչը տեղով անակնկալ է․ մեկնարկում է «Արքոյական զեղչերի» եռօրյակը». Արքմենիկ Նիկողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը

– Պարո՛ն Նիկողոսյան, դեկտեմբերի 15-ից «Դարան» գրախանութում սկսվում է արդեն ավանդական դարձած տարեմուտի զեղչերի եռօրյակը։ Այս տարի ի՞նչ անակնկալներ են սպասում գրքասերներին, մի փոքր կմանրամասնեք։

– Արդեն հինգերորդ անգամ է, ինչ «Դարանում» կազմակերպում ենք տարեմուտի մեծ գրավաճառք, որը մարդկանց մեջ առավել տարածված է «Արքոյական զեղչ» անվամբ, որովհետև հիմնականում ես եմ մասնակցում այդ զեղչման գործընթացներին։ Շատ-շատ սիրված ու ընդունված միջոցառում է, ու մարդիկ կան, որոնք ողջ տարվա ընթացքում գումար են հավաքում, որ այդ օրերին գրքերը մեծ զեղչերով գնեն։ Սա հրաշալի հնարավորություն է համալրելու սեփական գրադարանները տարվա ընթացքում նոր լույս տեսած գրքերով և ոչ միայն։

Մենք նաև աշխատում ենք, որ սա նաև դառնա տոն, որովհետև այս գործընթացին մասնակցում են գրողներ, թարգմանիչներ, հեղինակներ, նաև շատ հեղինակավոր մարդիկ, որոնք որպես գրքի խորհրդատու են հանդես գալիս։ Սա էլ է լավ առիթ, որպեսզի նաև այդ գրքերի ընտրությունը ճիշտ կատարվի։ Անակնկալների մասով՝ 20-80 % զեղչը տեղով անակնկալ է։

Մեծ զեղչերը, բնականաբար, գործում են «Անտարես» հրատարակչության գրքերի դեպքում, այլ հրատարակչությունների գրքերը 20%-ից ավելի չենք կարող զեղչել՝ գրախանութի շահերից ելնելով, նաև տվյալ հրատարակչությունների՝ մեր գրախանութին տված զեղչերի տոկոսից ելնելով։ Զեղչերի չափը կախված է լինելու ընտրած գրքերից, քանակից, բնականաբար, մեկ գիրք գնողին ու 40-50 գիրք գնողին նույն զեղչը չես կարող տալ։ Քանի որ ստեղծվում է մտերմիկ մթնոլորտ, նաև զեղչերը պայմանավորվում են մարդու էներգետիկայով, տրամադրությունով, ժպիտով, ինչու չէ՝ նաև գեղեցկությամբ՝ հատկապես աղջիկների ու կանանց պարագայում։

– Խորհրդատու վաճառողների գործոնը որքանո՞վ է նպաստում, որ ավելի շատ մարդ գա գրախանութ։

– Դա շատ կարևոր գործոն է, որովհետև այսօր մեծ գրահրատարակչական աշխուժություն է Հայաստանում, ու բնական է, որ դժվար է այդ բազմազանության մեջ կողմնորոշվել։ Գրքի խորհրդատուներն այս առումով շատ օգտակար են։ Խորհրդատուներս շփվում ենք այդ մարդկանց հետ, հասկանում տրամադրությունները, նախասիրությունները ու ըստ այդ օգնում ընտրություն կատարելու։

Զեղչերի համար նախատեսված երեք օրն էլ գրախանութում նույն ակտիվությո՞ւնն է, թե՞ միայն առաջին օրն են այցելուները շատ։

– Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ երեք օրն էլ ակտիվ են, իհարկե, հատկապես ոչ աշխատանքային օրերին են ակտիվ լինում։ Այս տարի կա երկու հանգամանք, որ, կարծում եմ ՝ակտիվության վրա ազդեցություն կունենա․ բնականաբար Արցախում տիրող իրավիճակն է, եթե նկատել եք, մենք էլ այնքան ակտիվ չենք գովազդում, ինչպես նախորդ տարիներին, մյուս հանգամանքն էլ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է․ այս տարի կիրակի օրը չենք ներառել, որովհետև այդ օրը համընկնում է եզրափակչի հետ։

– Պարո՛ն Նիկողոսյան, վստահաբար կլինեն քննադատություններ, որ չնայած Արցախում տիրող իրավիճակին՝ դուք նման միջոցառում եք անցկացնում։ Հետաձգելու միտք չի՞ առաջացել։

– Չէ՛, ես միշտ՝ և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրան հաջորդած բոլոր իրադարձությունների ժամանակ, հակված եմ եղել աշխատելու, որովհետև եթե մենք ուզում ենք օգնել, որ այդ խնդիրները լուծվեն, պետք է աշխատել, նյութական բարիք կուտակել, որ վաղը-մյուս օրը կարողանանք օգտակար լինել, որովհետև միայն ֆիզիկական ներկայությամբ կամ Ֆեյսբուքում ստատուս գրելով չենք կարող այս բարդ վիճակներից դուրս գալ։ Դժվարությունները հաղթահարվում են միմիայն աշխատանքի միջոցով։

Գրքերի հիմնական սպառումը լինում է զեղչերի օրերի՞ն, տարվա կտրվածքո՞վ, եթե նկատի ունենանք։

– Չէ՛, տարվա ընթացքում էլ են լինում սպառումներ, այլ գրախանութներ էլ տարվա ընթացքում տարբեր զեղչեր են սահմանում, բայց կարող եմ ասել, որ «արքոյական զեղչերի» ընթացքի վաճառքը մի քանի անգամ գերազանցում է տվյալ ամսվա գրախանութի ընդհանուր վաճառքին։

– Պարո՛ն Նիկողոսյան, կհիշեցնե՞ք օրերն ու ժամերը, որոնց ընթացքում գործելու են զեղչերը։

– «Արքոյական զեղչերը» մեկնարկում են դեկտեմբերի 15-ից ու ավարտվելու են դեկտեմբերի 17-ին (ներառյալ ամսի 17-ը)՝ առավոտյան ժամը 10։00-ից մինչև երեկոյան 21։00-ը: Ես ու մյուս խորհրդատու վաճառողները սիրով կսպասենք մեր ընթերցասերներին։ Ես ձգտում եմ միշտ լինել այնտեղ, բայց եթե 10 րոպեով կամ մեկ ժամով բացակայեմ, մեր սիրելի գրքի խորհրդատուները՝ Զավեն Բոյաջյանի գլխավորությամբ այնտեղ են միշտ։

Քրիստինե Աղաբեկյան