Ընտանեկան բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի դստերը մանկատուն կհանձնե՞ն

Ընտանեկան բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի դստերը մանկատուն կհանձնե՞ն
Ընտանեկան բռնության զոհ Զարուհի Պետրոսյանի դստերը մանկատուն կհանձնե՞ն

Ընտանեկան բռնության զոհ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մեկ ու կես տարեկան դստերը` Լիլիային կհանձնեն մանկատուն: Այդ մասին  www.hra.am կայքին տեղեկացրել է մահացած Զարուհու քրոջ Հասմիկի սկեսուրը` Անահիտ Կարապետյանը: Ըստ Կարապետյանի, Մասիսի քաղաքապետարանում վախենում եւ պաշտպանում են Զարուհու սկեսուր Լիլիա Սարկիսովային:
Նա տեղեկացրել է, որ Մասիսի քաղաքապետարանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամը Հասմիկին ասել է «դուք ո՞վ եք, ձեզ երեխա չի հասնում»:

«Ասում են՝ Լիլիան հիվանդ ա, Լիլիային պաշտպան ա պետք, ձեռքից երեխային մի կերպ պետք ա վերցնենք, որ չվատանա, Լիլիան իրա վենաները կփրթի, մենք վախենում ենք նրանից, նա հացադուլ ա հայտարարում, ասում ա թոռնիկիս ձեռքիցս կտանեն: Չհասկացա՛նք, թող հարսի համար վենա փրթեր, երբ տղեն հարսի գլուխը կերավ»,- ըստ www.hra.am կայքի պատմել է Անահիտ Կարապետյանը:

Մասիսի քաղաքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Արթուր Բադալյանը hra.am-ին չի պարզաբանել, թե  երեխայի խնամակալության հարցով ինչ որոշում է կայացվել:

«Քանի որ չենք ուզում, որ որևէ հետևանք լինի, կսպասենք, որ որոշումը ի կատար ածենք, նոր ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը մահացավ հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից, ինչի մասին չվախեցավ բարձրաձայնել նրա քույրը` Հասմիկ Պետրոսյանը:

Դեպքի կապակցությամբ, ՀԿ-ները, սոցիալական կայքերն ու մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպեցին` ընդդեմ կանանց դեմ բռնությունների` հայտարարելով, թե հետամուտ են լինելու մեղավորների արդարացի պատժին:

© Medialab.am