Բժիշկները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա են անցկացնելու

Այսօր ժամը 19:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նախատեսվում է բժիշկների ակցիա՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտված Արցախի, ինչի հետևանքով Արցախի հիվանդները զրկվել են դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: 

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: