«Բագրատյանը թող գնա Ալիևի մոտ աշխատի, և կտեսնենք, թե ինչպես չորս ամսում Ադրբեջանից ավազահատիկ չի մնա». Լեւոն Շիրինյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարում է, թե եթե ինքը Ալիևի տեղը լիներ, 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Ղալաթ է արել նման հայտարարություն է արել։ Բագրատյանը թող գնա Ադրբեջան Ալիևի մոտ և աշխատի, և կտեսնենք, թե ինչպես չորս ամսում Ադրբեջանը կքայքայվի, Ադրբեջանից ավազահատիկ չի մնա։ Առաջարկում եմ՝ իր թիմին էլ հետը տանի, որ պրծնենք իրենցից, հատկապես մակրո և միկրոտնտեսագետներից։

– Բայց ինքը թիմ ունի՞։

– Կունենա, էլի, ինքն այնպես է խոսում, կարծես Քեմբրիջի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Այդպես չի կարելի խոսել, չի կարելի այդպես պետությանը վրա տալ։ Սպասեցին, Նիկոլից չստացան ոչինչ և իրականում չպետք է ստանային, որովհետև ոչ մի արժանիք չունեն, և դրա համար սկսեցին նորից վրա տալը։ Պապանձվել էին 4-5 ամիս, սպասում էին՝ պաշտոն ստանալուն, հիմա սկսել են խոսել։ Թող գնա, թող նախ Ադրբեջան գնա, հետո նաև Թուրքիա գնա, մի չորս-հինգ ամիս էլ Էրդողանի տեղն աշխատի։ Սա զավեշտ է, ճոռոմ-ճոռոմ խոսելով չի։

– Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում նման հայտարարություն անելը։

– Կազմակերպված գնում է իշխանության դեմ պայքար, ընդ որում՝ սա իշխանության դեմ չէ, պետության դեմ է։ Շարքը կարող ենք շարունակել՝ Լավրով և մյուսներ, շարքով գնում են։

Հիմա ինչն է խնդիրը՝ պերմանենտ ճնշման տակ պահել Հայաստանի կառավարությանը։ Հայ ժողովրդին անընդհատ նյարդային վիճակում են ուզում պահել, ինչպես պահել են 30 տարի, այդ թվում՝ հենց ինքը՝ Բագրատյանը։ Ձմռանը ժողովրդին կով կթել էր սովորեցնում՝ հիշում ենք։ Սա ստրատեգիա է, նպատակը իշխանությունը տապալելն է, բայց կարևոր չէ դա, վիրտուալ աշխարհում է, ժողովուրդն ամեն ինչ հասկանում է։

– Պարո՛ն Շիրինյան, վերջերս Ադրբեջանից անընդհատ ռազմատենչ հայտարարություններ են հնչում։ Որքանո՞վ կարող է վերածվել պատերազմական գործողությունների։

Ադրբեջանը միշտ անում է այդպիսի հայտարարություններ։ Ամեն ջախջախվելուց հետո սկսում է ավելի մեծ ոռնոցը։ Դրա համար Դավիթ Տոնոյանը ճիշտ է ասել՝ այսուհետ նախահարձակը մենք ենք լինելու։ Կարող են անել՝ չե՞ն անում։ Բագրատյանը կարողանում է վարչապետ դառնալ՝ չի՞ դառնում։ Վերջին ընտրություններին, հիշեք՝ զրո ձայն էր հավաքել։ Քաղաքական գիտելիքի առումով զրոյից զրո է։ Բայց, իհարկե, նպատակը մեկն է՝ անկայուն պահել երկիրը և ժողովրդին պահել սթրեսի մեջ, իշխանությանը, որքան հնարավոր է, վարկաբեկել և տապալել, բայց դա չի լինելու։

– Այս փուլում Ադրբեջանը կգնա՞ նման արկածախնդրության: 

– Ո՛չ, չի գնա: Ես կարող եմ ասել հետևյալը, որ սա պարզապես հոգեբանական գրոհի տեսակ է: Մեր բանակը շատ ավելի կազմակերպված է, զինվորականության մեջ գոնե այն իդիոտները հեռացված են, հետևաբար բանակի մարտունակությունն ավելի բարձր է: Բացառված է, որ Ադրբեջանը դրան գնա: Առանձին սադրանքներ հնարավոր է լինեն, որ միշտ էլ անում են: Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք, որ թուրք են, իրենց քայլերը մեկ-մեկ մարդկային բանականության հետ կապ չունեն: 

– Համենայնդեպս, Հրանտ Բագրատյանի այդ հայտարարությունը, ըստ ձեզ, դավաճանակա՞ն է:

– Ի՞նչ դավաճանական, տխմար-տխմար դուրս է տալիս: Մենք դավաճանությունն էժանացրել ենք: Երբ ես նայում եմ մեր քաղաքական պատմությունը, տեսնում եմ, որ «դավաճան» բառն այնքան ենք էժանացրել, որ երբ մի տխմար իր համար դուրս է տալիս, ասում են՝ դավաճան է: 

Էդպես որ լինի, Ռուսաստանի ամեն մի փողոցում դավաճան կա: Մարդն իր մեծամտության ձեռքը կրակն է ընկել: Եթե Բագրատյանը այդպիսի համաշխարհային մասշտաբի տնտեսագետ է, թող կորոնավիրուսի դեմ տնտեսագիտական մի բան ստեղծի, կարո՞ղ է: 

Հիմա աշխարհում Չինաստանի բնակչության չափ նախկին վարչապետ կա, բայց նրանք իրենց պետություններին թիկունք են կանգնում, աջակցում են, հարց են լուծում: 

Սա հակաքաղաքակրթական, հակամշակութային մոտեցում է: Գնացել Ալիևի հետ են համեմատվում:

Մանե Հարությունյան

MediaLab.am