Կառավարությունը «նոր կորոնավիրուսը» ավելացրել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկում

Չինաստանում 2019 թվականի դեկտեմբերից ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Այս համատեքստում  այսօր կառավարությունն արտահերթ որոշում է ընդունել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ավելացնելու «նոր կորոնավիրուսային վարակը (2019n-CoV)»:

Վերջինս հնարավորություն կընձեռի վարակի կանխարգելման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու, հիվանդների հոսպիտալացման գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև անձին բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելը դյուրին դարձնելու հարցերը՝ շրջապատին զերծ պահելով վարակի տարածումից։

Այս մասին նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: