Բարդ վիրահատություն է կատարվել Վանաձորի բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը:
Վանաձորի բժշկական կենտրոն դիմած պացիենտը գանգատվել էր որովայնի չափերի անհամաչափ մեծացումից, ցավերից, փորկապությունից ու հաճախամիզությունից:
ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է աջ ձվարանի` ավելի քան 25սմ մեծությամբ գոյացություն, ինչպես նաեւ հաստ աղու վրա ռեկտոսիգմոիդ հատվածի նորագոյացություն, որովայնամզի կարցինոմատոզ:
Վիրահատությունը կատարվել է Վանաձորի բժշկական կենտրոնի օնկովիրաբուժական թիմի կողմից: Իրականացվել է ուղիղ աղու առաջային մասնահատում, տոտալ հիստերէկտոմիա հավելումներով, օմենտէկտոմիա, կոնքային լիմֆոդիսսեկցիա, որովայնամզի ռեզեկցիա:
Հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է հաստ աղու քաղցկեղ՝ աջ ձվարանի, որովայնամզի ու մեծ ճարպոնի մետաստատիկ ախտահարմամբ։ Նշանակվել է քիմիաթերապեւտիկ բուժում:
Վանաձորի բժշկական կենտրոնի օնկովիրաբուժական թիմը հորդորում է ազգաբնակչությանը հետեւել իրենց առողջությանն ու անցնել համապատասխան հետազոտություններ ու խորհրդատվություն՝ հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու եւ լրացուցիչ բարդություններից խուսափելու համար: