ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը

ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։