«Պետք է միշտ զգույշ լինենք՝ ցանկացած ատելություն ծնում է բռնություն». հոգեբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը

– Պարո՛ն Գասպարյան, արդեն 3 օր է՝ քարոզարշավը մեկնարկել է, և մենք ականատես ենք լինում օրեցօր ահագնացող վիրավորանքների, հայհոյանքների, պիտակավորումների: Ինչի՞ կարող է սա հանգեցնել, երբ հայհոյանքի ու սպառնալիքների լեզուն դարձել է դոմինանտ:

– Դրա ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ այդ ագրեսիան փոխանցվի մեր նոր սերնդին, դա կարող է վերածվել ֆիզիկական ագրեսիայի: Ամեն ագրեսիա նոր ագրեսիա է ծնում: Ի վերջո, այդ էմոցիան պետք է ինչ-որ ձևով արտահայտվի: Մենք գիտենք, որ հույզերը միշտ չէ, որ ուղիղ ձևով են արտահայտվում, դրանք կարող են անուղղակի ճանապարհով դրսևորվել:

Երբեմն, եթե մենք ագրեսիան ներս ենք ուղղում, դա կարող է առաջացնել հիվանդություններ, իսկ երբ դուրս ենք ուղարկում, կարող է ինչ-որ մարդու վնաս հասցնել: Հոգեբանական տեսանկյունից ընկալումը՝ որպես ատելության օբյեկտ կամ որպես հակառակ համոզմունքների տեր, կամ տարբեր արժեքների կրող, միշտ հղի է բազմաթիվ անցանկալի հետևանքներով:

Ատելության և թշնամության հիմքերը երբեմն այնքան չնչին, փոքրիկ, անիմաստ բաներ են լինում, որ միշտ չէ, որ կարող ենք միանշանակ գնահատական տալ: Բայց մենք պետք է միշտ զգույշ լինենք, որ ցանկացած ատելություն ծնում է բռնություն և կարող է շղթայական ռեակցիաների տանել: Ատելությունից, լարումից ազատվելու ամենաանցանկալի տարբերակը ագրեսիան է:

– Այս ատելությունը, ագրեսիան կարող են պայթել և քաղաքացիական բախումների, անգամ քաղաքացիական պատերազմի տեսքո՞վ արտահայտվել:

– Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կարտահայտվի, ամեն ինչ էլ հնարավոր է լինի: Ամենակարևոր հարցը այս պարագայում սոցիալական ատելությունն է, որը վերաբերում է մարդկանց մի որոշակի խմբի ինչ-որ ձևով պատկանելության, որ կարող է հասարակության մեջ արտահայտվել, դրանով առաջանում է նաև խտրական վերաբերմունք: Խտրականությունը իր հետ բերում է մի շարք նոր հարցեր:

Ամենաանցանկալի շարունակությունը այն է, որ ատելությունը կարող է ծնել հանցագործություն: Շատ հետազոտություններ դատական հոգեբանության մեջ փաստում են, որ ատելության հիմքի վրա ավելի շատ է օրենք խախտվում, և այդ պարագայում մենք պետք է զգույշ լինենք:

– Սոցիալական ցանցերը որքանո՞վ նպաստեցին ատելության մթնոլորտի խորացմանը, որովհետև ատելության ամենաշատ դրսևորումները մենք հենց համացանցում ենք տեսնում:

– Իհարկե, դա կարող է խորացնել ատելությունը, բայց մենք հետազոտություն չունենք, որ, ասենք՝ այո՛, հաստատ խորացնում է, կամ՝ ո՛չ, չի խորացնում: Հոգեբանության, ընդհանրապես, գիտության մեջ ինչ-որ բան ասելուց առաջ պետք է հիմքեր լինեն: Չենք կարող ուղղակի ասել՝ այո՛, դա կխորացնի:

Պարզ է, որ սոցիալական մեդիան երկու դերակատարում կարող է ունենալ՝ և մեղմել, և սրել խնդիրները: Այս պարագայում սոցիալական մեդիայի, լրագրության բոլոր ներկայացուցիչներն ինչ-որ շահեր են սպասարկում, այդ իսկ պատճառով շատ օբյեկտիվ չենք կարող գնահատել:

Ատելությունը խանգարո՞ւմ է մարդուն։

– Ընդհանրապես, ատելությունը խանգարում է առողջ մարդուն, դա ուղղորդում է մեր ուշադրությունը որոշակի ուղղությամբ: Մենք անընդհատ ինչ-որ ուղղվածությամբ ենք մոտենում հարցերին: Այդ ֆոկուսի մեջ ունենք մեր ատելության օբյեկտները և փորձում ենք նրանց ավելի քննադատաբար նայել, կորցնում ենք օբյեկտիվության զգացումը:

Այդ ատելությունը կարող է նաև խանգարել մեր արժանապատվությանը, մեր հպարտությանը: Ընդհանրապես, ատելությունը դիտվում է որպես դեստրուկտիվ և սխալ վարքի դրսևորման ձև:

Դրա համար ցանկացած ատելության պարագայում մենք կորցնում ենք ներքին շահը, մոռանում ենք մեզ համար ապրել, ապրում ենք հանուն մեր ատելության օբյեկտին քննադատելու, նոր սխալներ տեսնելու: Այս իմաստով ինքը նաև հետևանքներ կարող է ունենալ:

Եթե մենք այսպես կարճ նայենք, թե ինչ է իրենից ներկայացնում ատելությունը, ապա դա մի կողմից նաև շատ ուժեղ մոտիվատոր է, այսինքն՝ մոտիվ է առաջացնում մեր կյանքում: Կարող է մեր իսկական արժեքները մի կողմ դնենք ու սկսենք ապրել հանուն ինչ-որ ատելության օբյեկտի: Ժողովրդական լեզվով ասում են՝ նրա ինադու եմ ապրում: Փոխանակ մեզ համար ապրենք, ապրում ենք ի վնաս ինչ-որ մեկի, և դա արդեն լավ չէ:

Մանե Հարությունյան

MediaLab.am