Ապրիլին հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ. սա պատմական ռեկորդ է Հայաստանի համար

2021 թվականի ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ, ինչը Հայաստանի համար պատմական ռեկորդ է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել:

Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը ու դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», – ասաց Նիկոլ Փաշինյանը: