Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետաքրքիր զարգացումները

Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետաքրքիր զարգացումները
Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետաքրքիր զարգացումները

Վերջին մի քանի շաբաթները կարծես թե վերջապես դրական են ազդում հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: Արդեն շուրջ երկու տարի է, ինչ հայ-ուկրաինական հարաբերությունները լարված են՝ 2014 թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեի անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձևի քվեարկությունից հետո (որին Հայաստանը դեմ էր քվեարկել):

Բարելավո՞ւմ

Չնայած Կիևի կողմից Հայաստանի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ հաճախ հնչող քննադատությանը՝ ուկրաինական ռադայում վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկվել է Ցեղասպանության ընդուման մասին բանաձև, որի ընդունմանը կողմ պատգամավորների թիվը գնալով աճում է:

Նոյեմբերի 11-ին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Խոսակցությունը, որի մասին ՀՀ նախագահի պաշտոնական կայքը զուսպ է խոսում, ըստ ուկրաինական կողմի՝ առնչվել է հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև, ամենակարևորը՝ ՄԱԿ-ում երկու երկրների համագործակցությանը:

Ավելին, ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը, նոյեմբերի 12-ին նախագահների հեռախոսազրույցից հետո ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ: Սա, ըստ ամենայնի, վկայում է այն մասին, որ նախագահները հստակ պայամանավորվածություն են ձեռք բերել կոնկրետ հարցի վերաբերյալ, և հանձնարարել իրենց նախարարներին զբաղվել խնդրի տեխնիկական կողմի իրականացմամբ:

Ինչո՞ւ հիմա

Բացի երկկողմանի հարաբերությունների բարելավման մասին քննարկումից՝ այս խոսակցությունը ուշագրավ է նաև դրա անցկացման ժամանակահատվածի պատճառով:

Առաջին հերթին այն կարևոր է Կիևի քաղաքական շահերի տեսանկյունից: Ինչպես նկատեցինք, Ուկրաինայի նախագահի կայքը նշում է, որ խոսակցության ընթացքում Սերժ Սարգսյանն ու Պյոտր Պորոշենկոն հատուկ ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանի և Ուկրաինայի համագործակցությանը: Նշենք, որ նախագահների խոսակցությունից երկու օր առաջ Ուկրաինան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտարկմանն է ներկայացրել «Մարդու իրավունքների իրավիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում և Սևաստոպոլում» վերնագրով բանաձև: Հետևաբար, հաշվի առնելով, հեռախոսազանգի համար ընտրված ժամանակահատվածը՝ հավանական է, որ նախագահների քննարկումը, ՄԱԿ-ի շրջանակում հայ-ուկրաինական համագործակցության վերաբերյալ,անդրադարձել է հենց այս խնդրին:

Բաքուն

Հեռախոսազանգի ժամանակը ուշագրավ է նաև այն պատճառով, որ դրանից երկու օր առաջ Պորոշենկոն նույնանման, բայց զգալիորեն ավելի ջերմ խոսակցություն էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին առաջարկել էր այցելել Կիև, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը շարունակական և հետևողական աջակցություն ցուցաբերելու համար:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները անցած երկու տարիներին սերտացել են, ուստի Պորոշենկոյի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի հետ հեռախոսազանգը կարևոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար իրավիճակը փոխելու: Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելով՝ Հայաստանի իշանությունները կկարողանան ապահովել Կիևի ավելի չեզոք վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության հանդեպ, ինչը միանշանակ բխում է Հայաստանի շահերից:

Այսպիսով՝ Ուկրաինայի կողմից քայլը դեպի հարաբերությունների բարելավում արվել է, հերթը Հայաստանինն է: Մնում է ակնկալել, որ հերթական անգամ Հայաստանը իր պետական շահերը չի զոհաբերի հանուն Կրեմլի՝ դեմ քվեարկելով ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևին:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղացիների միավորում»