FREEdge – Free Food ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանի կենտրոնում անվճար սառնարան տեղադրել. Տեսանյութ

Աշխարհում մարդկանց սպառման համար արտադրվող սննդի 1/3-ը՝ մոտ 1.3 միլիարդ տոննա, վատնվում է կամ կորչում: Մենք տանը հաճախ գնում և պատրաստում ենք ավելի շատ ուտելիք, քան կարող ենք կամ հասցնում ենք սպառել: Ռեստորաններում երբեմն վճարում ենք ուտելիքի համար, որի մի մասը պարզապես վատնվում է: Մենք ամեն օր սնունդ ենք դեն նետում, մինչդեռ կարող ենք այն միմյանց հետ կիսել։

FREEdge – Free Food (Սառնարան-անվճար սնունդ) ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել սառնարան, որը կտեղադրվի Երևանի կենտրոնում, հանրային վայրում՝ որևէ այգում, մի բացօթյա սրճարանի կից:  

Սառնարանում կհավաքագրվի սնունդ երկու հիմնական աղբյուրից. ռեստորաններից ու սննդի կետերից ուտելի հավելյալ սնունդը, և քաղաքի բնակիչներից՝ տան ուտելիքի այն մասը, որը լրացուցիչ է և ենթակա է վատնման: Ռեստորաններից և սննդի կետերից ուտելիքի հավաքագրումը կիրականցնենք կամավորների օգնությամբ՝ հեծանիվներով: Բացի այդ, ցանկացած մարդ, ով սնվում է դրսում, կարող է տվյալ սննդի կետում ավելացած ուտելիքը տեղափոխել սառնարան: Արդեն ծրագրով հետաքրքրված որոշ ռեստորաններ կան, որոնք ավելացած սնունդը մի կողմ կդնեն սառնարան տեղափոխելու համար։ Տան ուտելիքը սառնարան կբերեն Երևանի բնակիչները: Այս նպատակով կապահովենք ծրագրի տեսանելիությունը, որպեսզի մարդիկ տեղեկանան սառնարանի գաղափարին և օգտագործման կանոններին:

Սառնարանի օգտագործման հիմնական կանոնն այստեղ պիտանի սնունդ բերելն է և վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է: Այս գաղափարը քարոզվելու է և՛ սնունդ տրամադրողների, և՛ սառնարանից օգտվողների շրջանում: Այս գործընթացը կառավարելու հարցում ծրագիրն իրականացնող խմբի վերահսկողության հետ մեկտեղ ակնկալվում է սառնարանին տեղ հատկացնող սրճարանի աջակցությունը:

Բյուջե

Սառնարան – 118.750 դրամ = 250 $
Տրանսպորտային ծախսեր – 47.500 դրամ = 100 $
Ձևավորում – 23.750 դրամ = 50 $
Տեղադրում և ամրացում – 47.500 դրամ = 100 $
Սպասարկում – 95.000 դրամ = 200 $
Իրազեկման արշավ – 23.750 դրամ = 50 $

Ընդամնեը: 356.250 դրամ = 750 $

Մանրամասները՝ այստեղ