Ադրբեջանական օդանավը թալիբաններն են խփե՞լ

Աֆղանստանում` մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Փարվանդ գավառում, երեկ երեկոյան կործանվել է ադրբեջանական Silk Way բեռնափոխադրող ընկերության տրանսպորտային օդանավը:
Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Փարվանդ գավառի Սիյահ Հերդ շրջանի ղեկավար Աբդուլհալիմ Մուջադադին, տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում օդանավը բախվել է լեռանը եւ հրդեհվել: Աֆղանստանցի պաշտոնյայի վկայությամբ` զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր անդամները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, սակայն, այսօր այլ տեղեկություններ են տարածել օդանավի կործանման պատճառների մասին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, քանի որ մինչեւ օդանավի անձնակազմի հետ կապի ընդհատումը՝ օդանավի անձնակազմից որեւէ խնդիրների կամ վթարային իրավիճակների մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, ենթադրվում է, որ հնարավոր է այն օդում բախվել է անհայտ օբյեկտի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոները նշում են նաեւ, թե «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչ Զաբիբուլլա Մոջահիդը աֆղանական ԶԼՄ-ներին հայտնել է, թե վթարի ենթարկված ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը խփվել է «Թալիբանի» կողմից:

© Medialab.am