Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն  համայնքի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: