Ուկրաինայում նոր մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին՝ ցեղասպանության կոչեր հնչեցնելու համար

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մեղադրանքին նոր հոդվածներ է ավելացրել՝ նրան մեղադրելով ցեղասպանության կոչերի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հեռակա կարգով «ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանին ծանուցել է ցեղասպանության և պատերազմի քարոզչության կասկածի» մասին։

«Անվտանգության ծառայությունը փաստագրել է ռուսաստանցի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի նոր հանցագործությունները, որը կոչ է արել ուկրաինացիների ցեղասպանության», – ասված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության համար հիմք են ծառայել Մարգարիտա Սիմոնյանի գրառումներն ու հայտարարությունները սոցիալական ցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ։

Մեկ տարի առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արդեն մեղադրել էր Սիմոնյանին Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Այժմ այս հոդվածին ավելացվել է ևս երեք մեղադրանք՝ «ուկրաինացիների ցեղասպանության կոչեր, պատերազմի քարոզչություն և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության կողմից հարուցված այս և նմանատիպ այլ գործերը դեռ խորհրդանշական բնույթ են կրում։