Երկարատեւ սպասումներից եւ խոսակցություններից հետո վերջապես հինգ օր անց Հայաստանում իր դռները կբացի ֆրանսիական հայտնի «Քարֆուր» հիպերմարկետը: Այս մասին տեղեկացնում է հիպերմարկետի ֆեյսբուքյան էջի ազդարարը:
«Հրաշալի և երկար սպասված նորություն բոլոր հաճախորդների համար: Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Քարֆուր հիպերմարկետի բացումը տեղի կունենա մարտի 11-ին: Սպասում ենք բոլորին: Հասցե՝ Արշակունյաց 34/1, Երևան Մոլ»,-նշված է հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ հիպերմարկետի բացման մասին խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել դեռեւս 2012 թվականից, սակայն երեք տարի շարունակ տարբեր պատճառներով բացում հետաձգվում էր:
Հիշեցնենք, որ առեւտրային ցանցի տարիներ ձգձգվող բացում բուռն քննարկումների առիթ է հանդիսանում, քանի որ շատերի համոզմամբ հայտնի բրենդը Հայաստան չէր կարողանում մտնել երկրում տիրող մենաշնորհների, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետային բիզնեսին չխանգարելու համար: Անցյալ տարի մայիսին Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս խոսել էր ցանցի Հայաստանում ծավալվելիք գործունեության մասին:
««Քարֆուր»-ն ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին և լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում,-իր ելույթում ասել է Ֆրանսուա Օլանդը:- Ցանկանում եմ նաև, որպեսզի «Քարֆուր»-ի հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին Ձեր երկրում ներդրումներ կատարելու համար և ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում:
Սակայն, վերլուծաբանները միանշանակորեն լավատես չեն, որ ամեն ինչ այդքան հրաշալի կարող է լինել` հաշվի առնելով այն, որ հունվարից Եվրասիական տնտեսական միության կազմում հայտնված Հայաստանում կանոններ թելադրողը Հայաստանը չի լինելու:
«Ակնկալիքները մի տարի առաջ եւ հիմա լիովին տարբեր են,-«Մեդիալաբին» ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,-Նույնսիկ մուտք գործելով հայկական տնտեսական դաշտը «Քարֆուրը»` մաքսային տուրքերի եւ այլ հարակից հարցերով մեծ խնդիրների եւ ոչ մրցակցային պայմաններում կարող է հայտնվել, չհաշված իր` սպիտակ հաշվապահությունն ու տեղական դաշտում գործող ստվերայինը»:
© Medialab.am