Ճիշտ և սխալ․ Երևանի բյուջեի մասին «Լույս» խմբակցության հայտարարությունը. Fip.am

Ճիշտ և սխալ․ Երևանի բյուջեի մասին «Լույս» խմբակցության հայտարարությունը. Fip.am
Ճիշտ և սխալ․ Երևանի բյուջեի մասին «Լույս» խմբակցության հայտարարությունը. Fip.am

Հանրային քննարկման է դրվել Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն։ Նախքան ավագանու անդամների կողմից քննարկումների մեկնարկը, մամուլի ասուլիս են տվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը։ Նրանք մի շարք դիտարկումներ են կատարել քաղաքային բյուջեի վերաբերյալ։ Բյուջեի եկամուտների աճի մասին խոսելիս, օրինակ, Անի Խաչատրյանը նշել է, որ «նաև տուրքերի բարձրացման հաշվին է, որ ունենք ինչ-որ աճ բյուջեում»։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս և մի քանի այլ խնդրահարույց հայտարարությունների իսկությունը։

Հարկերի և տուրքերի մասին 

Ըստ Երևան քաղաքի 2020 թ․ բյուջեի նախագծի՝ տեղական տուրքերից ստացվող մուտքերը, 2019-ի համեմատ, ավելացել են 461 միլիոն դրամով։ 2019-ի 2․7 միլիարդի փոխարեն նախատեսվում է գանձել շուրջ 3 միլիարդ դրամ տուրք։ 

Սակայն պետք է նշել, որ աճի պատճառն ամենևին էլ ԼՀԿ անդամների նշած տուրքերի բարձրացումը չէ։ Այսպես, շենքերի կառուցման, վերանորոգման ու քանդման թույլտվության համար գանձվող տուրքերը 2020 թ․ նախագծով կազմելու են, ընդհանուր առմամբ, 193 միլիոն դրամ՝ 2019-ի 179 միլիոն դրամի փոխարեն՝ ընդամենը 14 միլիոն դրամով ավելի։

Նշենք նաև, որ եթե պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ապահովում են հենց հարկերն ու տուրքերը, ապա քաղաքային բյուջեի պարագայում նրանց բաժինը այնքան էլ մեծ չէ։ 2020 թ․ նախագծով հարկերից ու տուրքերից ստացված եկամուտը կազմելու է 18 միլիարդ դրամ, ինչը քաղաքի բյուջեի 107 միլիարդ դրամ եկամտի միայն 17 տոկոսն է։ Հարկերից և տուրքերից ստացված եկամուտը, 2019-ի համեմատ, աճել է շուրջ 3 միլիարդ դրամով։

Բյուջեի եկամուտների մոտ կեսը՝ 56 միլիարդ դրամ, ստացվելու է պետբյուջեից՝ պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման համար։ Հենց այս ներդրումներն են ապահովել  2020 թվականի քաղաքային բյուջեի հիմնական աճը 2019 թ․ համեմատ՝ շուրջ 20 միլիարդ դրամ։ 2018 թ․ համեմատ՝ այս կետով հատկացումներն ավելացել են 31 միլիարդ դրամով։ 

Բյուջեի կատարման մասին

Ասուլիսի ընթացքում ավագանու ներկայացուցիչները նշեցին, որ բյուջեի թերակատարման այս տարվա ցուցանիշի նման ցուցանիշ երբևէ չի գրանցվել։ «Ունենք թերծախս, որը գերազանցել է նույնիսկ քաղաքապետ չունեցած ժամանակահատվածին։ Աննախադեպ մեծ չափի թերծախս է եղել՝ 7 միլիարդ 800 միլիոն դրամ»։ 

Այս պնդումը մասամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, որպես կանոն, տարեսկզբի ազատ մնացորդը բյուջեի նախագծում ներկայացվում է որպես կանխատեսված ցուցանիշ և հստակեցվում է միայն նախորդ տարվա բյուջեի ամփոփումից հետո։ Այսպես, 2019 թվականի ազատ մնացորդը ևս 2018-ի բյուջեի կատարողականի ամփոփումից հետո կազմել է 7 միլիարդ 200 միլիոն դրամ։ 2017-ին այդ թիվը կազմել է 2 միլիարդ դրամ։

Ի դեպ, ըստ ինտերակտիվ բյուջեի՝ 2019 թ․ 11 ամիսների ընթացքում քաղաքի փաստացի 95 միլիարդ դրամ բյուջեից ծախսվել է միայն 39 միլիարդը կամ՝ 41 տոկոսը։

Մետրոյի նոր կայարանի մասին

Խոսելով մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների մասին՝ ավագանու անդամները հիշեցրին, որ մետրոն փորվել է խորհրդային տարիներին, և «դրանից հետո մեր բոլոր քաղաքապետերն էլ սպասում էին այդ ներդրմանը։ Բայց կա մի կարևոր բան․ քաղաքային իշխանությունները հասկացան, որ Աջափնյակ մետրոն հնարավոր չէ իրականացնել։ Կա նոր խոստում հնգամյա ծրագրում՝ ևս մեկ մետրոյի կայարան՝ «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների տարածքում»։

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները սկսվել են դեռ Խորհրդային Միության տարիներին։ Պատրաստ է կայարանի շուրջ 70 տոկոսը, մյուս մասը կառուցելու համար անկախությունից հետո տարբեր իշխանություններ ցանկանում էին գտնել մասնավոր ներդրողներ․ ավագանու անդամների պնդման այս հատվածը համապատասխանում է իրականությանը։ Վերջին տարիներին մի քանի անգամ և՛ ճարտարապետների, և՛ իշխանությունների կողմից հայտարարվել է նոր կայարանի կառուցման կարևորության և նպատակահարմարության մասին, սակայն ներդրողների մասին հայտարարություն չի եղել։ Փոխարենը, այս տարվա հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ներդրողի հետ արեն կա նախնական համաձայնություն։ Իսկ աշխատանքների ֆինանսավորումը կսկսվի հենց նախագծային փուլից՝ նախահաշիվ կազմելու համար։ Փոխքաղաքապետը նշել է նաև, որ դեռ հստակ չեն կարող նշել ժամկետները։ Ըստ Սարգսյանի՝ աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարվա գարնանից։ 2020-ի սկզբին աշխատանքները մեկնարկելու մասին հայտարարություն դեռ մայիս ամսին արել էր նաև մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Ինչ վերաբերում է մետրոյի մյուս կայարանի կառուցման հարցին, ապա այն կառուցելու ծրագիրն այնքան էլ նոր չէ։ Այս մասին խոսվում էր նաև նախորդ տարի։ Նաև՝ եթե հնգամյա պլանում «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների տարածքում կառուցվելիք կայարանի նախագիծը հստակ չէ, ապա Աջափնյակ մետրոյի պարագայում կան կատարված որոշակի հաշվարկներ և նշված է աշխատանքների մեկնարկի սկիզբը՝ 2020 թ․ գարուն։

Մի քանի այլ կետերի մասին

Մյուս հայտարարությունը վերաբերում էր դրոշների տեղադրման համար հատկացված գումարներին, ըստ որի՝ դրանց չափերը չեն փոխվել հեղափոխությունից հետո։ Այս պնդումը համապատասխանում է իրականությանը։ Նշենք, որ 2018-ին դրոշների տեղադրման համար հատկացվել էր 45 միլիոն դրամ, 2019 և 2020 թվականներին՝ 44 միլիոն դրամ։

Ճիշտ է նաև այն պնդումը, որ Երևանի զարգացման հնգամյա (2019-2023 թթ․) պլանում և զարգացման 2020 թ․ պլանում չկան նշված նոր ձեռք բերվելիք վերելակների մասին տվյալներ։ Ըստ զարգացման հնգամյա պլանի, քաղաքի վերելակների փոխարինման ծրագրի մշակման համար նախատեսվում  է ստեղծել աշխատանքային խումբ։

Նշենք նաև, որ այս տարվա ամռանն արդեն հայտարարվել էր 20 նոր վերելակների ձեռքբերման մրցույթ, որը, սակայն, կասեցվեց մրցույթի մասնակիցներից մեկի բողոքարկման պատճառով։ Քաղաքային իշխանությունները հայտարարում էին, որ պատրաստվում են հիմնովին փոխել քաղաքի 3500 վերելակ։ Ըստ պետական գնումների համակարգի gnumner.am կայքի՝ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը, այնուամենայնիվ, ձեռք է բերել չորս նոր վերելակ և վերելակների սպասարկման ու վերանորոգման մի քանի ծառայություններ։

Ճիշտ է նաև այն, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելանում է աղբահանության համար նոր հիմնարկին տրվող գումարի չափը։ 2019-ին «Սանիթեքին» տրվել  է 5 միլիարդ դրամ, նոր հիմնարկին՝ 4 միլիարդ 600 միլիոն դրամ։ Աղբահանության համար առանձին կետով նախատեսվել է 1,1 միլիարդ դրամ՝ մեքենաների ձեռքբերման համար։

Ի դեպ, 2020-ի բյուջեով աղբահանության համար հատկացվող գումարների չափը կրկնապատկվել է։ Այս տարվա 8 միլիարդ դրամի փոխարեն 2020-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 16 միլիարդ դրամ։

Այսպիսով, 2020 թվականի բյուջեի վերաբերյալ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների հայտարարությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը կամ թերի է։

Անի Ավետիսյան

www.Fip.am