Մահացած 2,5-ամյա երեխայի հարազատները բժիշկներին են մեղադրում. ԲԿ-ն պարզաբանում է՝ տղան հիվանդանոց էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում․ Factor.am

Երեկ երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2,5 տարեկան տղա է մահացել: Երեխան 4 օր առաջ էր Երևան տեղափոխվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից՝ մի շարք առողջական խնդիրներով։ Երեխայի հարազատները, սակայն, պնդում են՝ փոքրիկը մահացել է բժիշկների անփութության պատճառով, գրում է Factor.am-ը:

«4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Երեկ՝ դեպքից՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել տուն։ Մոտ 3 ժամ հետո հիվանդանոցից զանգահարում են, թե՝ շտապ եկեք հիվանդանոց։ Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է»,- Shamshyan.com-ի հետ զրույցում պատմել էր երեխայի հայրը՝ Սասուն Սահակյանը։

Բժշկական կենտրոնը, սակայն, համաձայն չէ հարազատների դժգոհության հետ։ Ֆեյսբուքյան էջում տարածած պարզաբանման համաձայն՝ երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ: 40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի: 

«Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։ Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։ Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։ Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մահացել է»,- նշվում է բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ըստ ԲԿ-ի՝ երեխայի հայրը մահվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել ագրեսիվ վարք, հնչեցրել սպառնալիքներ։ Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն: