ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 7-ին Արգենտինայի հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Casa Rosada) և հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։
Աննա Հակոբյանն ու Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։
Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաև ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Տիկին Յանյեզն էլ ներկայացրել է Արգենտինայում իր ծավալած գործունեության մանրամասները։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։
Արգենտինայի առաջին տիկինն էլ Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Աննա Հակոբյանը սիրով ընդունել է հրավերը։