Ինձ համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. Արայիկ Հարությունյան. տեսանյութ

Մայիսի 12-ին զինադադարից հետո մեր քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և, ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ: Այդ մասին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին` նա նշել է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: «Չէր ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- նշել է ԱՀ նախագահը:

Որպես պարտության պատճառ նա մատնանշել է այն հանգամանքը, որ հայկական ուժերի դեմ պայքարում էին միասնական ադրբեջանա-թուրքական ուժերը, 7 հազար վարձկաններ: Ըստ ԱՀ նախագահի, պատերազմի ելքը այլ կլիներ, եթե հայկական ուժերի դեմ պայքարեր միայն Ադրբեջանը: