Այսօր կարևոր օր է․ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Սոչիում կայանալիք հանդիպումը կարող է էական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացում։

Նախօրեին Ադրբեջան, այնուհետև Հայաստան էր այցելել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչը նշանակում է, որ կողմերն այսօրվա հանդիպումից առաջ հստակեցնում են իրենց դիրքորոշումներն ու ճշտում ժամացույցի սլաքները։


Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում որոշակիորեն գնահատվելու է 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը, միաժամանակ Ռուսաստանի կողմից փորձ է արվելու հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու համար իր միջնորդական առաքելության կարևորությունն ու արդյունավետությունը։


Իսկ արյդպիսի արդյունք կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման համար համաձայնության հասնելը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ ժամանակացույցի սահմանումը։
Ուշագրավ է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը համաձայն է ռուսասկան առաջարկների հետ։ Սա նշանակում է, որ այս պահին մնացել է միայն Ադրբեջանի դիրքորոշման հստակեցումը։ Եթե վերջինս համաձայնվի ռուսական առաջարկների հետ, չի բացառվում, որ այսօր որևէ եռակողմ փաստաթուղթ ստորագրվի այդ հարցի վերաբերյալ։


Իսկ եթե սրան հավելենք այն տեղեկությունը, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով միջնորդական առաքելություն իրականացնելու համար, պատկերը կդառնա ամբողջական, որ ներկայումս մեր տարածաշրջանում ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են էապես փոխել տարածաշրջանի զարգացման ուղենիշը։


Միաժամանակ, հարկ է նշել, որ շատ լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա բանակցությունների ընթացքում պնդի, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը հետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում, այլև ամբողջությամբ ապառազմականացնում են հայ-ադրբեջանական սահմանը, այսինքն՝ զինված ստորաբաժանումները հետ են քաշվում, նրանց փոխարինում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ սահմանափակ զենքի առկայությամբ:


Բացի այդ, պետք է շատ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ»: