«Մեզ մոտ արդեն կարմրուկի լոկալ բռնկում է, կա օջախ, և շատ հավանական եմ համարում, որ դեպքերը գնալով կշատանան»․ վարակաբան

Հովակիմ Զաքարյանը

Հայաստանում ի հայտ եկած կարմրուկի դեպքերը առաջիկա օրերին էապես կարող են աճել, կարծում է ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վարակաբան Հովակիմ Զաքարյանը։ Վարակաբանի խոսքով՝ իրավիճակը խիստ մտահոգիչ է, և պատկան մարմինները պետք է խստագույնս զբաղվեն վարակի հետագա կանխարգելմամբ։

«Կարմրուկի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն շատ լուրջ է, և ես մտահոգություններ ունեմ, որ իրավիճակն էլ ավելի կարող է սրվել, որովհետև կարմրուկն այն վիրուսային հիվանդությունն է, որ թեկուզ մեկ դեպքի առկայությունն արդեն արտակարգ իրավիճակ է ստեղծում, վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 18 հոգու։ 

Ըստ էության, այս պահին մեզ մոտ արդեն լոկալ բռնկում է, կա օջախ, և շատ հավանական եմ համարում, որ բոլոր կոնտակտավորներին չբացահայտելու, չմեկուսացնելու և չպատվաստելու հետևանքով դեպքերը գնալով կշատանան»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում մարտի 9-ի տվյալներով արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 43 դեպք։ Աղբյուրը տեղեկացնում է՝ կարմրուկով հոսպիտալացված վարակակիրներից 40-ը պատվաստված չեն եղել, իսկ 3-ը պատվաստված են եղել մեկ դեղաչափով։ 

Կարմրուկն ունի զարգացման մի քանի փուլ։ Առաջին փուլն ինկուբացիոն շրջանն է, որը տևում է մեկ շաբաթ կամ ավելի։Կարմրուկի առաջին ախտանշաններն են՝ հազը, առատ քթարտադրությունը, աչքերի արցունքարտադրությունը, բարձր ջերմությունը, որ կարող է հասնել մինչև 40-41 աստիճանի։ Կարմրուկի ախտանշաններից կարող են լինել նաև տարբեր տեսակի հոդացավերն ու մկանացավերը։ Այս ամենից հետո սկսվում է կարմրուկի հիմնական փուլը՝ բշտերի առաջացումը մարմնի մակերեսին։ Հենց բշտերի ի հայտ գալուց հետո է, որ մարդը կարող է տարածել վարակը։ Իմունային համակարգի վրա կարմրուկի ազդեցությունը բավականին ծանր է, և օրգանիզմը կարող է լրջորեն ճնշվել դրանից, ապա՝ ավելի զգայուն դառնալ նաև այլ հիվանդությունների նկատմամբ։

«Երբ մարդն ունի թույլ իմունային համակարգ, քրոնիկ հիվանդություններ, կարմրուկի ընթացքը կարող է ավելի բարդ լինել, կարող են առաջանալ սրացումներ, որոնց հետևանքով կարող է առաջանալ գլխուղեղի բորբոքում, որը, որպես կանոն, միշտ մահով է ավարտվում։ Կարմրուկն ազդում է նաև սրտի և մյուս օրգան-համակարգերի վրա»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։

Մասնագետների հավաստմամբ՝ բռնկումներից հնարավոր է խուսափել, եթե բնակչության 95 և ավելի տոկոսը պատվաստված է։ Առողջապահության նախարարությունը Հայաստանում վերջին տարիներին ԿԿԽ պատվաստվածության տարբեր ցուցանիշներ է ներկայացնում՝ 92-95 տոկոս։

«ԿԿԽ-ի պատվաստվածության մեր ցուցանիշը մոտ 95 տոկոս է»,- մարտի 6-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պետք է պատվաստվածության ցուցանիշները հստակ ներկայացնել, որովհետև խոսքը թվերի մասին է, և դրանց մասին մոտավոր կերպով խոսելը ճիշտ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմ Զաքարյանը և հավելում՝ թերահավատ է ներկայացված թվերի նկատմամբ։ 

Նա նշում է, որ լուրջ մտավախություն ունի, որ նախարարության ներկայացրած պատվաստումների վիճակագրական թիվը շատ ավելի ցածր է:

«Նման բարձր ցուցանիշի դեպքում կարող է լինել տարվա մեջ 1-2 դեպք, բայց եթե մի քանի օր առաջ դեպքերը 11-ն էին, և, նախարարության խոսքով՝ իրենք գտել, մեկուսացրել ու պատվաստել էին բոլոր կոնտակտավորներին, բայց 5 օրում կարմրուկի դեպքերն ավելանում են ևս 32-ով, նշանակում է՝ բոլոր կոնտակտավորները չէ, որ մեկուսացված են, և, բնականաբար, հավանականությունը մեծ է, որ, ցավոք, կունենանք դեպքերի աճ»,-ասում է նա։

Զաքարյանը նշում է՝ առողջապահության նախարարությունը պետք է կոշտ մոտեցում դրսևորի այս հարցում եւ ամեն ինչ անի, որ նախատեսված բոլոր պատվաստումների ծածկույթը բարձրանա, հակառակ դեպքում վարակների բռնկումը եւ վախի մթնոլորտում ապրելը շարունակական է լինելու:

«Միանշանակ կողմ եմ պատվաստումների պարտադիր դառնալուն, ինչքան շուտ պարտադիր դարձվի մեզ մոտ պատվաստումը, այդքան ավելի շատ մենք պատրաստ կլինենք ավելի լուրջ համավարակների, առավել ևս, երբ խոսքն այնպիսի պատվաստանյութերի մասին է, որոնք լավ ուսումնասիրված են և անվտանգ են, կասկածելու կամ երկմտելու բան չկա»։

Մասնագետի պնդմամբ՝ օրացուցային պատվաստումները պարտադիր են հատկապես երեխաների համար, որովհետև ապացուցված է, որ երեխաները (մասնավորապես մինչև 5-6 տարեկան) ավելի զգայուն են կարմրուկի հանդեպ, ու նաև դա է պատճառը, որ ողջ աշխարհում կարմրուկից մահացության թվի մեծ մասը բաժին է ընկնում հենց երեխաներին։ 

«Ցանկացած ուսումնական հաստատություն մուտք գործելուց առաջ երեխան պետք է պատվաստված լինի բոլոր անհրաժեշտ պատվաստանյութերով, որովհետև հակառակ դեպքում կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ այլ երեխաների համար։ Էդպիսի մոտեցումը կամ արդեն կիրառվում է մի շարք երկրներում, կամ էլ մտածում են կիրառել»,- նշում է Հովակիմ Զաքարյանը։

Կարմրուկի դեպքերին զուգահեռ, սոցիալական ցանցերում սկսեցին բուռն քննարկումներ և պնդումներ, թե վարակը վտանգավոր չէ, ու կրկին անտեղի խուճապ է տարածվում։ Շատերը հիշեցին խորհրդային ժամանակները, երբ «թեթև հիվանդանում էին, ու անցնում գնում էր»։ Մասնագետները պնդում են՝ խորհրդային շրջանում պատվաստումները պարտադիր էին, իսկ պատվաստվածների տոկոսը՝ շատ բարձր, և վտանգը, որն այսօր առկա է, նախկինում չկար, քանի որ պատվաստվածները հիվանդությունը շատ թեթև են տանում, նույնիսկ՝ անախտանիշ։ Սակայն վերջին տարիներին, տարբեր դավադրապաշտական տեսությունների հավատալով, ծնողների մի մասը հրաժարվել է պատվաստումներից, ինչը ռիսկային ֆոն է ստեղծել և վտանգ՝ հանրային առողջությանը։ 

Թե ինչով են պայմանավորված մարդկանց մտավախությունները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց և իրենց երեխաներին պատվաստման տանելուց, վարակաբանն ասում է՝ պատճառները շատ տարբեր են, իսկ հիմնականը մարդկանց գիտելիքների պակասն է։

«Մարդիկ քիչ գիտելիքներ ունեն, վատ են պատկերացնում՝ ինչ է պատվաստանյութը, հետևաբար իրենք կարող են ցանկացած տեսակի ինֆորմացիա կլանել և հավատալ, որ, օրինակ՝ պատվաստանյութից առաջանում է չբերություն, աուտիզմ և այլն։ Սրանք պարզապես «ինֆոաղբ» են։

Եթե էդպես շարունակվի, և պետությունն էլ քայլեր չձեռնարկի, չպատվաստվող երեխաների թիվը գնալով կշատանա, որովհետև նման միտումներ կան ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում»,- ասում է Զաքարյանն ու հավելում՝ քովիդը ևս իր դերն ունեցել է կարմրուկի դեմ հակապատվաստումային տրամադրությունների ձևավորման հարցում։

Այնուամենայնիվ, մասնագետը կարծում է, որ պետությունը պետք է լրջորեն վերահսկի իրավիճակը, իսկ թե բավարա՞ր են արդյոք ներկայիս քայլերը՝ դա էլ ցույց կտա ժամանակը։

«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում պարզ կլինի՝ բավարա՞ր են պետության քայլերը, թե՞ ոչ։ Եթե դեպքերի աճը դադարի, ուրեմն բոլորը մեկուսացված են ու պատվաստված, իսկ եթե հակառակը տեսնենք, ուրեմն պետության քայլերը բավարար չեն։ Ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ, որ մենք շատ վատ վիճակի չենք հասնի»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am