Համաճարակի երկրորդ ալիքն է ձևավորվում Հայաստանում, առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի մեջ․ Համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցազրույցը համաճարակաբան Արման Բադալյանի հետ

– Պարո՛ն Բադալյան, առողջապահության նախարարության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ օրում հաստատվել է 2474 նոր դեպք, 21 հազար և մի փոքր ավելի մարդ բուժում է ստանում, իսկ մահերի թիվը ռեկորդային է՝ 14 մահ։ Կարո՞ղ ենք ասել՝ Հայաստանում արդեն կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել։

– Այո՛, եթե նայում ենք համաճարակային կորին՝ դեպքերի բարձրացում, նվազում, նորից բարձրացում, ապա, այո՛, համաճարակի երկրորդ ալիքն է ձևավորվում մեր երկրում։ Այո,՛ իմ կարծիքով, հստակ արդեն կարող ենք խոսել երկրորդ ալիքի մասին։

– Շա՞տ վտանգավոր իրավիճակ է։

– Կարծում եմ՝ այո, որովհետև ամեն օր մենք հակառեկորդներ ենք գրանցում, միայն այսօր՝ 14 մահ։ Դա շատ վտանգավոր է իհարկե։ Եթե մենք խաղաղ ժամանակ էինք նշում, որ պետք է բոլոր միջոցները կիրառենք, որպեսզի դեպքերի քանակը նվազեր, որպեսզի համակարգը չհայտնվեր կոլապսի մեջ, բայց տեսանք, որ ավելացավ պատերազմական վիճակը, ինչը շատ բարդացրեց պայքարը այս հիվանդության դեմ։

Բնականաբար շատ վտանգավոր իրավիճակ է՝ քովիդով հիվանդների թվի մեծացման և վիրավոր զինվորների առումով, ինչպես նաև առողջապահության համակարգի, բուժանձնակազմի սղության։

– Կարո՞ղ ենք ասել, որ առողջապահության համակարգն արդեն կոլապսի մեջ է։ 

– Կդժվարանամ նման բան ասել, բայց արդեն չենք հասցնում, իսկ դա խնդիր է։ Բուժհիմնարկները ծանրաբեռնված են, մարդիկ արդեն չեն հասցնում բուժօգնություն տրամադրել, կան տեղեր, որ սարքավորումներ չկան։ Շատ լուրջ հարց է, և կարող է իտալական սցենարը նաև Հայաստանում կրկնվել։

– Երբ պետք էր ընտրե՞լ հիվանդներին բուժելու համար․․․

– Այո՛, բուժանձնակազմը կանգնում է խնդրի առաջ՝ ում տրամադրել այս մահճակալը, ում ընդունել բուժման կամ ուղղակի ասել՝ տեղ չկա, չենք ընդունոմ․․․ Իտալական սցենարն այն էր, որ հիվանդին ընդհանրապես օգնություն չէր ցուցաբերվում, բայց մեզ մոտ կարծես, փառք Աստծո, դեռ նման վիճակ չէ։

Կարող են տրիաժ՝ ընդունման, ախտորոշման և տեղափոխման կենտրոնում ստանալ ցուցումներ, տեղափոխվել տուն և տանը բուժումներ ստանալ։ Բայց կարող է պահ գալ, որ բուժաշխատողներն այնքան զբաղված լինեն, որ նույնիսկ զանգերին չպատասխանեն կոնսուլտացիայի համար։

Իսկ դա բուժման որակի խնդիր է առաջացնում։ Ինչևէ, պետք է ուշադիր լինել, հեռու չենք կոլապսային վիճակից։ Այս պարագայում մենք՝ բժիշկներս, ասում ենք հիմնական մի քանի բան՝ կրել դիմակ, հետևել հակահամաճարակային կանոններին՝ հաճախ լվացվել, խուսափել շատ շփումներից։ 

– Պարո՛ն Բադալյան, ի՞նչը հանգեցրեց այս իրավիճակին, ո՞ր օղակում և ո՞ր որոշման կայացման հարցում թերացանք։

– Բնականաբար, շարժը մեծացավ ու շփումները, որի ժամանակ հիմնականում կանոնները չպահպանվեցին։

Դե իհարկե, շփումը մեծացավ, որովհետև բացվեցին դպրոցները, իսկ դրան հաջորդեցին պատերազմական գործողությունները՝ կամավորների հավաքագրում, մեկնում Արցախ և այլն։

Դպրոցների բացվելուց հետո վարակակիրների թվի մի փոքր աճ եղավ, բայց դա այնքան մեծ չէր, որ ազդեր ընդհանուր ցուցանիշի վրա։ Դեպքերը շատացան, երբ սահմանին ռազմական գործողություններ ծավալվեցին, ինչով պայմանավորված հավաքները ևս շատացան։

Իմ խնդրանքն ու հորդորն է՝ այն, ինչ անում եք, արեք, բայց՝ կանոնները պահպանելով։ Այս իրավիճակը, անկեղծ ասած, այնքան մեծ վրդովմունք է առաջացնում, որ ես դա ուղղակի դավաճանությանը հավասարազոր եմ համարում։

– Բայց մենք նաև տեսնում ենք, որ վերահսկողություն չկա։ 

– Նման թվերի պարագայում վերահսկողությունը դժվար է դառնում։ Ճիշտ է՝ հիմա առավել ևս պարետատուն չկա, և այլ վերահսկիչ գործողություններ չեն իրականացվում, բայց պետք է հասկանանք, որ դա շատ դժվար գործընթաց է, վարակը շատ արագ է տարածվում, և կառավարելը շատ դժվարանում է։ Այսօր մարդիկ ուղղակի պետք է հասկանան, որ պետք է պակասեցնել շարժը, շփումների շրջանակը և աշխատել միայն նվազեցման վրա։

– Պարո՛ն Բադալյան, այս պահին դաշտային հոսպիտալների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ Օրինակ՝ ժամանակին մարզահամերգայն համալիրի լուսանկարներն էին տարածվում։

– Այս պահին կարծես մի քանի հիվանդանոցներ նորից վերապրոֆիլավորում են, տեղեր ունենալու համար կարծես քայլեր ձեռնարկվում են, բայց եթե կարիքը լինի, տեղերը քիչ լինեն, իհարկե, դաշտային հոսպիտալներ պետք է բացվեն։

Ուղղակի չեմ կարող ասել՝ ինչքանով են այդ հոսպիտալների պայմանները ապահովված։ Հավանաբար այդ հարցին նախարարությունը կարող է պատասխանել։ Բայց այդ առումով պետք է մեկ կարևոր բան նկատի ունենալ՝ մենք բուժանձնակազմի կարիք ունենք նաև։

Մենք խոսում ենք մահճակալների թվի մասին, այո՛, դա լրացվեց, իսկ բուժանձնակա՞զմը։ Անփոխարինելիության հարց է առաջանում՝ ո՞վ վիրահատի զինվորին, ասենք՝ զինվորը թող արնաքամ լինի, որ վիրաբույժը գնա քովիդով հիվանդի՞ն խնամի, բուժի։

Սա շատ ողբերգական իրավիճակի կարող է հանգեցնել։ Մտածում եմ՝ կարելի է մի շարժում սկսել, որ փողոցներում բնակչությանը խնդրենք, աղաչենք դիմակ կրեն, պահպանեն կանոնները, կամ, ասենք՝ դիմակ չես դրել, դե վճարիր, գումարը ուղղենք սահմանին։

Չի կարելի էլի ասել՝ պատերազմ է, դիմակ չեմ դնի։ Անընդունելի է նման վերաբերմունքը։ Չգիտեմ՝ պետք է մի բան անել, որ իտալական տխուր փորձը չունենանք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am