«Կարմրուկի տարածումը կարող է լուրջ վտանգ լինել հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիների համար». մասնագետ

Բարձր ջերմություն, հազ, ցան. սրանք այն ախտանշաններն են, որ ի հայտ են եկել վերջին օրերին մտահոգությունների տեղիք տված կարմրուկի նոր դեպքերի ժամանակ։ Մասնագետներն ահազանգում են՝ վարակի այս տեսակը արդեն երկար տարիներ Հայաստանում չի եղել  և ներկայումս լուրջ սպառնալիք է հանրային առողջությանը:

«Կարմրուկի նման բռնկում վերջին անգամ ունեցել ենք 2019 թվականին, երբ կարմրուկով վարակված քաղաքացին վերադարձել էր Հայաստան և տարածել հիվանդությունը։ Ներկայիս դեպքերի հիմքում ևս դրսից եկած, բերովի դեպքն է, որի տարածումը կարող է լուրջ վտանգ լինել հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիների համար»,- «Մեդիալաբին» ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. վերջին օրերին արձանագրված, լաբորատոր հաստատված կարմրուկի դեպքերի թիվն արդեն հասել է 14-ի։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կարմրուկով հոսպիտալացված բոլոր քաղաքացիները եղել են չպատվաստված և շփում են ունեցել վարակակիր անձանց հետ։ 

Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ համաճարակային իրավիճակը ակտիվացել է ողջ աշխարհում, և կարմրուկի դեպքեր են գրանցվել եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում։  

«Ակտիվացում կա, և Հայաստանն էլ անմասն չի մնացել»,- նշում է մասնագետը և հավելում՝ պատվաստումը կարևոր է, քանի որ հիվանդության ծանր ընթացքը կարող է հանգեցնել շնչառական, նյարդային և այլ օրգան-համակարգերի ախտահարման՝ ընդհուպ հասցնելով մահվան։ 

Մասնագետը նշում է, որ մինչև 2007 թվականը Հայաստանում արձանագրվել են կարմրուկի բռնկումներ՝ պայմանավորված հիվանդության բնական պարբերականությամբ, սակայն 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների իրականացման շնորհիվ հանրապետությունում չեն արձանագրվել այդ հիվանդության դեպքեր, և Հայաստանը 2007 թվականից դասվել է էլիմինացված, այսինքն՝ տեղական դեպքեր չունեցող երկրների շարքին։

«2007 թվականից մինչ օրս ունեցել ենք տարեկան մինչև մի քանի դեպքեր, որոնք եղել են բերովի, և այստեղ վարակվել են այն անձինք, որոնք պատվաստված չեն եղել կամ թերի պատվաստված են եղել»,- ասում է Սվետլանա Գրիգորյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն՝ պլանային պատվաստումների թիրախային խումբ համարվող 1 և 6 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշը մշտապես տատանվել է 92-95 տոկոսի շրջակայքում, ինչը բավական բարձր ցուցանիշ է։

Այնուամենայնիվ, կարելի՞ է բռնկում համարել ներկայիս իրավիճակը, թե՞ ոչ հարցին մասնագետը նշում է՝ էլիմինացված երկրի կարգավիճակ ստացած Հայաստանի համար նույնիսկ 1 դեպքի առկայությունն էլ կարելի է բռնկում անվանել։ 

Կարմրուկի առավել խոցելի խմբում են մինչև 1 տարեկան երեխաները, ինչպես նաև ուղեկցող հիվանդություններ և իմունային անբավարարություն ունեցող անձինք, որոնց դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը առավել քան կարևոր է։

Գրիգորյանը նշում է՝ կարմրուկի տարածման դեմ իրականացվող ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, հիվանդ մարդու հետ շփման սահմանափակումը, տարածքի հաճախակի օդափոխումը և այլն։

«Այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով բաց են թողել կարմրուկի դեմ պատվաստումը, պետք է անպայման պատվաստվեն»,- նշում է Գրիգորյանը՝ խորհուրդ տալով նաև պատվաստվել երկու դեղաչափ պատվաստում չստացած չափահասներին:

Բժիշկը հավելում է՝ կարմրուկին բնորոշ յուրաքանչյուր ախտանշանի դեպքում, անպայման պետք է դիմել բժշկի։

«Եթե անձը ունի ցան, ջերմություն, հազ, պետք է դիմի իր հաշվառման տարածքային պոլիկլինիկա, չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ, դա միայն կարող է սրել իրավիճակը։

Անհրաժեշտ է հնարավորինս վաղ հայտնաբերել հիվանդությունը ոչ միայն տվյալ քաղաքացու, այլև նրա շրջապատում եղած մյուս անձանց մոտ ևս, որպեսզի վերջիններս ևս պատվաստվեն՝ վիրուսի տարածման շղթան ընդհատելու համար»,- նշում է Սվետլանա Գրիգորյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am