Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը

Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկեց  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը,  Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը:

Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։