«Հապաղելու դեպքում ԱԺ-ն երկրում խորացնում է քաղաքական ճգնաժամը, ինչը կարող է բերել սարսափելի հետևանքների, նույնիսկ պայթյունների»․ Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այս օրերին տեսնում ենք, որ Քարվաճառում մարդիկ այրում են իրենց տները, խուճապի մեջ են, այն իրերը, որոնք հնարավոր է տեղափոխել, փորձում են դա ինքնուրույն կազմակերպել: Պետական մարմինների կողմից այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է իրականացվեին, որ չեն արվում։ 

– Այս պահին, ինչպես նաև նախորդ գործընթացի ժամանակ, մենք տեսնում ենք հիմնականում առկա հարցերին ինքնակազմակերպվող խմբերի արձագանքը, քան պետության մոտեցումը՝ հստակ մշակված քաղաքականությամբ և քայլերի հետևողական հաջորդականությամբ։

Այսօր է նաև երևում՝ ինչպես են մարդիկ ինքնակազմակերպվում, տեղափոխում իրենց իրերը, իրենց գույքը, և պետության տոտալ անտարբերություն մի կողմից, մյուս կողմից էլ՝ անկազմակերպվածություն, որովհետև մենք հստակ չգիտենք, թե ինքնին ինչ փաստաթղթեր են մշակվելու։

Առայժմ մենք հանրայնորեն գիտենք այդ հայտարարության տեքստը, որի կետերը իրականում չեն բացվում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում, արդյոք այդ տարածքներում մնացող այդ մարդկանց գույքը, սեփականությունը կոմպենսացվելո՞ւ են: Դրանք անշարժ գույք են, և այսօր մարդիկ ստիպված այդ գույքը այրում են, ոչնչացնում են, որպեսզի չանցնի ադրբեջանցիների ձեռքը։

Իսկ պետության գոյությունն ինքնին ենթադրում է միջպետական փաստաթղթեր, եթե ինչ-որ տարածք անցնում է, անձի սեփականությունը, բնականաբար, չի կարող այդ տարածքի հետ միասին անցնել, որոշակի կոմպենսացիաներ պետք է լինեն այն անձանց, որոնք այդքան տարի քրտինքով, վաստակածով կառուցել և ստեղծել են անշարժ գույք։

Մենք տեսնում ենք, որ պետությունն այս հարցերի պատասխանները չի տալիս։ Եվ մարդիկ ստիպված, էմոցիոնալ վիճակում պոկում են իրենց ունեցվածքի այն մասը, որ կարող են տեղափոխել, այրում են իրենց ունեցվածքի այն մասը, որը հնարավոր չէ տեղափոխել, դա շատ ողբերգական տեսարան է։

Այդ հայտարարությունը այս պահին հետ բերել հնարավոր չէ, ուստի գոնե կարող էինք բացատրել ժողովրդին՝ ինչ քայլեր պետք է իրականացնել, մեկնել փաստաթուղթը։

Պետք է ունենանք անձինք, որոնք տիրապետում են այս փաստաթղթի իրավազորությանը և տիրապետում են ամեն քայլի մանրամասներին, որպեսզի մարդկանց փոխանցեն քայլերի հաջորդականությունը, հետագայում իրավական խնդիրների վիճարկելիության հնարավորությունը, որովհետև եթե մարդը ցանկացած տարածքում ունի սեփականության վկայական և փաստաթուղթ, դա հնարավոր է միջազգային ատյաններում վիճարկել։ 

Բայց եթե չկան այս պահին պետություն և պետական մարմիններ, հատկապես Ազգային ժողով, այս մարմնում են բարձրաձայնվում բոլոր քաղաքական, իրավական, օրինական հարցերը, և Ազգային ժողովը պետք է Կառավարությունից այդ փաստաթղթի վերաբերյալ մանրամասն հաշվետվողականություն պահանջեր, որպեսզի կետ առ կետ բացվեր, թե ինչ է կատարվելու այս տարածքներում, ամսի 15-ին անցնում է, ի՞նչ է կատարվելու, ի՞նչ պետք է անի այդ տարածքի բնակիչը, ինչպե՞ս պետք է տեղափոխվի։

Մենք մեկ այլ ողբերգական տեսարանի ենք ականատես դառնում, երբ մարդիկ սեփական միջոցներով մեքենա են փնտրում Ֆեյսբուքում, այսինքն՝ դա պետք է կազմակերպվեր, եթե այդտեղ իրապես տեղափոխման խնդիր կար։ 

Դա պետական աջակցության և հովանու ներքո պետք է արվի, իսկ մենք տեսնում ենք պետության տոտալ չգոյություն, տեսնում ենք Ազգային ժողովի անգործություն, որի հետևանքով հասարակությունը մնում է այս կարգավիճակում՝ ուղղակի շփոթմունքի և ինքնակազմակերպման մակարդակում։

– Ունե՞ք բացատրություն, թե որն է պետական մարմինների անգործության պատճառը։ Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը։

– Այո՛, ունեմ բացատրություն։ Մենք այս չգոյությունը ունեցել ենք այս վերջին տարիների ընթացքում միջինստիտուցիոնալ համագործակցության բացակայության պարագայում։ Մենք ունեցել ենք նախադեպեր, որ Ազգային ժողովի պատգամավորները նույնիսկ անտեղյալ են եղել, թե ինչ է կատարվում, և ստիպված են եղել թիմային էսպիսի բան դրսևորելով՝ պաշտպանել վարչապետի որոշումները, երբ կոչ էր արվում լայվով, օրինակ՝ շրջափակել դատարանները։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեծամասնությունը շփոթմունքի մեջ էր, չգիտեր՝ ինչ ազդակ հաղորդել հասարակությանը՝ մասնակցե՞լ, չմասնակցե՞լ այդ գործընթացին և, ընդհանրապես, ինչպես հանդես գալ, և թաքնվել էր, այսօր նույն իրավիճակն է։

Նրանք չգիտեն՝ ինչ բացատրել հասարակությանը, որովհետև իրենք էլ ընդհանրապես անտեղյակ են եղել այս ամբողջ գործընթացից։ Դա նշանակում է, որ պետությունը չունի հստակ խորհրդատվական մարմիններ, համագործակցություն միմյանց միջև, «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջովին տիրապետում է 88 մանդատի, մեծամասնությանը, և մեծամասնությունը այժմ պարալիզացված է։

– Ազգային ժողովի քայլերը որո՞նք պետք է լինեն։ Այս իրավիճակից ելքը ինչպե՞ս եք պատկերացնում։ 

– Օր առաջ, ժամ առաջ Ազգային ժողովի նիստ պետք է գումարվի։ Ազգային ժողովը պետք է փորձի ամենացավոտ հարցերը դնել կառավարության առջև, որովհետև Ազգային ժողովը այն մարմինն է, որը վերահսկում է Կառավարությանը, որոշումը կայացվել է Կառավարության ղեկավարի կողմից։ Այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է տա Կառավարության ղեկավարը։

Ազգային ժողովը պետք է վերադառնա իր ֆունկցիային, որովհետև մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, և Ազգային ժողովն է ի վերջո նշանակում կառավարություն։ Ազգային ժողովը իր ֆունկցիային վերադառնալու պարագայում մենք ունենք հնարավորություն փրկելու իրավիճակը և վերադարձնելու կայուն աշխատանքային հուն։ 

Մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած Արցախից տեղափոխվածների սոցիալական, իրավական, առողջապահական խնդիրները վերջացրած պատերազմին մասնակցած անձանց սոցիալական, իրավական և կրթական խնդիրները։ Չմոռանանք նաև, որ այսօր թեժ մարտերին մասնակցել են 18-20 տարեկան տղաները, որոնք նաև ուսանողներ են, շատերի վարձավճարների խնդիրներն են կանգնած, այժմ անգամ ընտանիքներն են հարցնում՝ ինչ է լինելու, նրանք վերադառնան, վարձավճարները ի վիճակի չեն լինելու տալ, ինչպես են անելու, նրանց առողջական խնդիրները։ Ազգային ժողովը պիտի աշխատի այդ հարցերի շուրջ։

Ազգային ժողովն այս պահին անգործության է մատնված, իսկ խնդիրները չեն սպասում, օր օրի շատանում են։ Եթե Ազգային ժողովը հստակ քայլերով շարժվի, և հանրությունը տեսնի, որ անգամ այս օրհասական, այս սարսափելի պայմանագրի պարագայում Ազգային ժողովը կատարում է իր ֆունկցիաները և նաև հաշվետվողականություն է պահանջում կառավարությունից, մենք կփորձենք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ։

– Հապաղելու դեպքում ինչի՞ կհանգենք։

– Հապաղելու դեպքում Ազգային ժողովը երկրում խորացնում է քաղաքական ճգնաժամը, ինչը կարող է բերել սարսափելի հետևանքների, նույնիսկ խայտառակ պայթյունների։

Ի վերջո, կարելի է նաև գնալ արտահերթ ընտրությունների՝ մեղմելու համար այս ամբողջ մթնոլորտը և ստեղծել բազմակուսակցական, 20-30 կուսակցություն մտնի Ազգային ժողով և փորձեն վերջապես աշխատել և երկխոսել, ընտրել վարչապետ, որովհետև դա ժողովրդի խնդիրը չէ, ժողովուրդը չի ընտրում, ի վերջո, վարչապետին ընտրում է, նշանակում է Ազգային ժողովը՝ ըստ մեր Սահմանադրության։ 

Քանի դեռ մեր այս Սահմանադրությունն է գործում, հիմնական մեղավորն ու պատասխանատուն Ազգային ժողովն է, որովհետև այն կարող էր կառավարել, կազմակերպել և, ի վերջո, փրկել նաև այս իրավիճակը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am