Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշել են Սուրբ Պատարագով

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը հունվարի 6-ին նշվել է Սուրբ և Անմահ Պատարագով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Վիրահայոց Թեմից։

«Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել և Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Իզաբելա Օսիպովան, Կոբա Չոպլիանին, նախկին խորհրդարանականներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Կրոնի գործակալության աշխատակիցներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:

Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, քույր եկեղեցիների և կրոնական կառույցների ղեկավարներ, բազմում բարձրպաշտոնյաներ և հասարակական գործիչներ:

Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունեց ներկաներին: