«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը
– Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում, տիկի՛ն Զորյան:
– Մակրոնի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ աշխարհաքաղաքական նպատակահարմարության տիրույթում։ Ֆրանսիայի նախագահն այսօր լուծում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու խնդիրը, և այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես այդ գործընթացի համար հարմար գործիք։ Սա բացահայտ ազդակ է, որ Արևմուտքի համար Հայաստանի իշխանության լեգիտիմությունը չափվում է ոչ թե ժողովրդավարության որակով, այլ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պատրաստակամությամբ։
– Սա ընդունվա՞ծ պրակտիկա է միջազգային քաղաքականության մեջ, որ մեկ այլ երկրի ղեկավարը բացահայտ աջակցություն հայտնի այլ երկրի թեկնածուներից մեկին:
- Մեծ տերությունների կողմից իրենց շահերն սպասարկող իշխանություններին սատարելը նորություն չէ, սակայն այսպիսի ագրեսիվ և անձնավորված աջակցություն հազվադեպ է պատահում ժողովրդավարական երկրների շրջանում։ Սովորաբար, միջազգային հանրությունը հանդես է գալիս «ժողովրդավարական ինստիտուտների» կամ «ազատ ընտրությունների» աջակցության հռետորաբանությամբ, բայց ոչ երբեք` կոնկրետ անձերի։ Մակրոնի ձևակերպումը` «աջակցել Փաշինյանին», դուրս է դասական դիվանագիտական էթիկայի շրջանակներից և ավելի շատ հիշեցնում է «աշխարհաքաղաքական հովանավորչություն»։
– Հնչում են գնահատականներ, որ այս հայտարարությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– Այո՛, սա ուղղակի միջամտություն է սուվերեն պետության ներքին քաղաքական կյանքին և ընտրական գործընթացներին։ Երբ խոշոր պետության ղեկավարը նախընտրական շրջանում իր աջակցությունն է հայտնում ընտրապայքարի կողմերից մեկին, նա խաթարում է քաղաքական մրցակցության բնականոն ընթացքը և կանխակալ վերաբերմունք ձևավորում ընտրողների շրջանում։ Սա հակասում է պետությունների ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
– Ստացվում է, որ առաջիկա ընտրությունները մրցակցային պայմաններում չե՞ն անցնելու։
– Երբ արտաքին ուժային կենտրոնները բացահայտորեն դառնում են ներքաղաքական պրոցեսների բաժնետեր, ընտրությունների մրցակցայնությունն էապես նվազում է։ Մակրոնի հայտարարությունը յուրօրինակ «քարտ բլանշ» է գործող իշխանությանը։ Դա նշանակում է, որ ինչպիսի խախտումներով էլ անցնեն ընտրությունները, դրանք Արևմուտքի կողմից ճանաչվելու են որպես «ժողովրդավարական», քանի դեռ իշխանությունը կատարում է իր աշխարհաքաղաքական խոստումները։ Սա ընդդիմությանը զրկում է հավասար պայմաններից և հարվածում է ընտրական ինստիտուտի հեղինակությանը։
– Ինչո՞վ եք բացատրում այս բացահայտ աջակցությունը գործող իշխանություններին, տիկի՛ն Զորյան:
– Բացատրությունը պարզ է. Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական առևտրի առարկա։ Ֆրանսիայի և ընդհանուր առմամբ Արևմուտքի համար Փաշինյանը հարմար է, քանի որ նա պատրաստ է քանդելու հայ-ռուսական անվտանգային համակարգը՝ առանց փոխարենը համարժեք երաշխիքներ ստանալու։ Արևմուտքը աջակցում է ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Ռուսաստանի դեմ ձևավորվող նոր ճակատին, որտեղ Հայաստանը, ցավոք, դիտարկվում է որպես հերթական գործիք։ Սա ռեալիստական քաղաքականություն է, որտեղ մեր պետության շահը ստորադասվում է մեծ տերությունների հակամարտությանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















