Կեղծ ազգային «առանցքները».Արամ Աբրահամյան

Կեղծ ազգային «առանցքները».Արամ Աբրահամյան
Կեղծ ազգային «առանցքները».Արամ Աբրահամյան

Ռուսաստանի մշակույթի նորանշանակ նախարար Վլադիմիր Մեդինսկին դիմել է HTB հեռուստաընկերությանը՝ «խորհուրդ տալով» չցուցադրել Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող ֆիլմը, որն, ըստ նախարարի, խեղաթյուրում է պատմական անցքերը, մասնավորապես՝ դրանում ներկայացվում է, թե ինչ էր կատարվում ստալինյան «Գուլագում» այդ պատերազմի սկզբի ամիսներին: Նախ՝ պետք է ընդունել, որ նախարարի նման քայլը վկայում է իշխանությունների գործունեության որոշակի թափանցիկության մասին. Հայաստանում նման դեպքերում դժվար թե դիմեին հրապարակային խորհրդի «ժանրին», պարզապես կզանգահարեին ու կարգելեին: Բայց մյուս կողմից՝ այն փաստը, որ նախարարը նման խորհրդով դիմում է ձեւական տեսակետից մասնավոր հեռուստաընկերությանը, վկայում է, իհարկե, այն մասին, որ տվյալ պաշտոնյան (որն, ի դեպ, ինձնից 10 տարով երիտասարդ է) առաջնորդվում է խորհրդային կարծրատիպերով: Այսինքն՝ կա կամ, համենայնդեպս, պետք է լինի պատմության պաշտոնական դոկտրին, որով բոլոր քաղաքացիները եւ հիմնարկները, անկախ սեփականության ձեւից, պետք է առաջնորդվեն:

Վստահ եմ, որ Հայաստանում նույնպես շատ են նման մոտեցումների կողմնակիցները: Եթե ռուսների պատմական ինքնագիտակցության առանցքային տարրերն են ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած իսկապես փայլուն հաղթանակը եւ Խորհրդային Միության մեծության մասին պատկերացումը, ապա հայերիս մեջ այդ երկու կարծրատիպերի կողքին մեր աշխարհընկալման մեջ կան նաեւ մեր ազգային «առանցքները»՝ առաջինն ենք ընդունել քրիստոնեություն, բարոյական հաղթանակ ենք տարել Ավարայրում, ցեղասպանվել ենք թուրքերի կողմից: 1960-70-ականներին խորհրդահայ մտավորականների կողմից մշակված այդ «դոկտրինը» հավակնում է պաշտոնական կարգավիճակի, եւ դրանից դուրս ինչ-ինչ «առանցքներ» փնտրելը (չհերքելով, բնականաբար, վերոհիշյալ երեք պատմական փաստերը) համարվում է ազգին դավաճանելու նման մի բան:

Այնինչ նման պաշտոնական «գաղափարախոսության» ներդրումը կամ դրա անհրաժեշտության մասին խոսելը առաջ է բերում միանգամից երկու բացասական հետեւանք: Առաջին՝ այդ գաղափարները ակնհայտորեն չեն կարող միավորել այսօրվա հասարակությունը: Չունենալով իրական «հիմնասյուներ»՝ մարդիկ ամենուր տուրք են տալիս դավադրությունների տեսությանը: Կոնկրետ մեր դեպքում դա բերում է նրան, որ մենք հակված ենք հավատալու քաղաքական քարոզիչներին, երբ նրանք վախեցնում են մեզ մասոններով, միասեռականներով, մորմոններով եւ այլոցով, որոնք իբր քանդում են ազգի հիմքերը:

Երկրորդ՝ չունենալով իրական արժեքային համակարգ ու տեսնելով այն վիհը, որը գոյություն ունի «պաշտոնական դոկտրինի» եւ առօրյա կյանքի միջեւ, հասարակությունը գաղափարական իմաստով ոչինչ չի կարող հակադրել «հարցեր լուծող» բանդիտների ամենաթողությանը: Կոպիտ ասած, դուք չեք կարող ասել՝ մարդ մի՛ սպանեք ռեստորաններում, քանի որ մենք հին քրիստոնյա ազգ ենք: Որովհետեւ քրիստոնեությունը մենք որպես պետական կրոն ընդունել ենք այնքան վաղուց, որ այդ իրադարձությունը փոքր-ինչ մոռացվել է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»