«Առնվազն մինչև հունիս-հուլիս ամիսը նոր ընտրությունների մասին խոսելու կարիք չկա, հետո պարզ կլինի». Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, հայտարարում եք, որ ընդդիմությունը գիտի, որ նոր ընտրության դեպքում իշխող ուժը կրկին հաղթանակ կտանի։ Հետաքրքիր է՝ որտեղի՞ց իշխանությանը նման վստահություն, արդյոք Գելափի արդյունքներո՞վ եք առաջնորդվում։

– Նաև մեր հարցումներն են վկայում, որ ՀՀ ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է, և կարող եմ ասել, որ ՀՀ որևէ ղեկավար այսքան բարձր վարկանիշ չի ունեցել, որքան ունի Նիկոլ Փաշինյանը։

– Այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններն այս իրավիճակում ճիշտ լուծո՞ւմ չէին, որ կրքերն այսպես չթեժանային։

– Ես իմ կարծիքը միշտ արտահայտել եմ, ես կողմնակից եմ եղել արտահերթ ընտրություններին։ «Իմ քայլը» խմբակցությունը, մեր թիմը որոշում են կայացրել՝ չգնալ արտահերթ ընտրությունների, քանի որ ընդդիմությունը չի արձագանքում, և ես իմ թիմի կարծիքը պաշտպանում եմ։ 

– Ձեր որոշումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ կոչով դիմեցին իշխանությանը՝ անցկացնել արտահերթ ընտրություններ։

Հիմա ինչ-որ մարդիկ էլ կիսեցին այդ կարծիքը, ի՛նչ ասեմ։

– Այսինքն՝ իշխանությունը մտադիր է մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը պաշտոնավարե՞լ։

Առնվազն մինչև հունիս-հուլիս ամիսը նոր ընտրությունների մասին խոսելու կարիք չկա, հետո պարզ կլինի։ Վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզը երբ կամփոփենք, այն ժամանակ կխոսենք։

– Պարո՛ն Սիմոնյան, թեև Ազգային ժողովը 72 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ձեր օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը, օրինակ՝ զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում և այլն, բավականին քննադատություններ են հնչում։ Արդյոք ճի՞շտ էր ընտրված ճանապարհը։

– Որոշ երկրներում նույնիսկ չափ չկա սահմանված, այսինքն՝ վիրավորանքի և զրպարտության պարագայում քաղաքացին կարող է դիմել դատարան և անսահմանափակ քանակով գումար պահանջել այն մարդուց, որը ոտնահարել է իր իրավունքը։

Այստեղ սահմանված է 5-ից մինչև 10 միլիոն դրամ՝ հայեցողությունը թողնելով դատարանի որոշմանը։ Չեմ բացառում, որ իմ գործընկերներից ոմանք առաջարկներ ներկայացնեն, և ինչ-որ բան փոփոխվի նախագծում։ Չեմ բացառում նախագծում փոփոխությունները։

– Ինչո՞ւ որոշեցիք այդքան մեծ փոխհատուցում սահմանել։

– Որովհետև վիրավորանքն ու զրպարտությունը դարձել են աշխատանք որոշ մարդկանց համար, ես կարծում եմ՝ այդ գումարի չափը նույնիսկ քիչ է, քանի որ այդ մարդիկ զրպարտում են քաղաքական գործիչների, լրագրողների, հասարակ քաղաքացիների։ Բացի այդ, նշվում է, որ մինչև 10 միլիոն, այսինքն՝ դատարանը կարող է տուգանել 50000 դրամ։ 

Եվ այս գումարի չափը նույնիսկ քիչ է, նրանք պետք է պատասխանատվություն կրեն և փոխհատուցեն մարդկանց պատճառած անհարմարության համար։ 

– Նշվում է, որ այսպիսի նախագիծ կյանքի է կոչվում մի իշխանության ժամանակ, որ, թվում էր, թե ամենահանդուրժողը պետք է լինի ազատ խոսքի նկատմամբ։

– Ես շատ ցավում եմ, որ նման կարծիք կա, այսինքն՝ սեռական բնույթի հայհոյանք, վիրավորանք հնչեցնելը համարում եք խոսքի ազատությո՞ւն։ Ես դրան համաձայն չեմ։ Կա՞ մարդ, որ կհամաձայնի, ինձ հետաքրքիր է։ 

Հիմա եթե ես սեռական բնույթի հայհոյանք հնչեցնեմ որևէ մեկի հասցեին և ասեմ, որ սա իմ խոսքի ազատությունն է, նա կհամաձայնի՞ դրան։ Խնդրում եմ՝ չխեղաթյուրեք իրականությունը, բոլորը շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։

– Անդրանիկ Քոչարյանը օրերս իր հարցազրույցում նշել է, որ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։ Նրա արտահայտած միտքը բուռն քննադատության է արժանացել, ի՞նչ կարծիք ունեք դուք։

– Անդրանիկ Քոչարյանը խոսել է օրենքի գործելու մասին, օրենքը գործել և գործելու է, և համեմատականներ անցկացնելն անընդունելի է և աճպարարություն է։ Եվ չի կարելի, որովհետև թավշյա, բաց ձեռքերով հեղափոխությունը, որի համար մեզ ծաղրում էին, թե բաց ձեռքերով ինչ կարող եք անել, որ հաջողության հասավ, համեմատել բռնության կոչեր և վիրավորանքներ հնչեցնող ընդդիմության կոչերի հետ, անընդունելի է։ 

Էլ չեմ ասում, որ այսօրվա ընդդիմությունն արդեն իսկ հայտնի է բռնության գործողություններով, այն է՝ Կառավարության շենք ներխուժել, ԱԺ նախագահի սպանության փորձ, ԱԺ շենք ներխուժել, խոսնակի նկատմամբ բռնության գործողություններ և այլն, և այս համեմատականներն անհամեմատելի են։ 

Եվ կոչ եմ անում այն մարդկանց, որոնք կփորձեն նման համեմատություններ անել, շաա՜ատ զգույշ լինել, որովհետև նրանց համեմատականը շատ խոցելի է։ Օրենքը պետք է գործի և հնարավորինս խիստ։

– Ապստամբության կոչեր են հնչում ընդդիմության վարչապետի թեկնածուի կողմից։ 

– Պետք է նշեմ, որ ՀՀԿ-ին և իրենց ընդդիմություն կոչող մարդկանց մեծ մասին ես ընդդիմություն չեմ համարում, որովհետև չի կարող ընդդիմությունը կապ ունենալ կոնկրետ, նախկին այս կամ այն նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի հետ։ Ընդդիմությունը պետք է կապ ունենա ժողովրդի հետ, իրենք այդ կապը չունեն։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am