ՀՀ-ի հետ համատեղ հայտարարությամբ՝ ՌԴ-ն ընդունում է իրենց հեռուստաալիքների կողմից խախտումների փաստը․ ԲՏԱ փոխնախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև բանակցությունների ընթացքում ռուսական կողմին է ներկայացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հեռահաղորդակցության մասին համաձայնագրի 5-րդ կետի խախտումների առկայության փաստը, որոնք արձանագրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը` մեկնաբանելով ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։

«Բանակցությունների ընթացքում ռուսական կողմին է ներկայացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հեռահաղորդակցության մասին համաձայնագրի 5-րդ կետի խախտումների առկայության փաստը, որոնք արձանագրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել խախտումն արձանագրող հաղորդումների վերաբերյալ բովանդակային քննարկում անցկացնել: Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որով, ըստ էության, ռուսական կողմն ընդունում է խախտումների առկայության փաստը, ինչը քննարկումների այս փուլում մենք համարել ենք բավարար: 

Ռուսական կողմը պարտավորվել է պահպանել համաձայնագրի բոլոր կետերի կատարումը, ինչը ենթադրում է, որ նման հաղորդումներ այլևս եթեր չեն հեռարձակվի»,- նշել է Պողոսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայկական կողմն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդրի կարգավորման և համաձայնագրի կետերի պատշաճ կատարման հարցը, ինչպես նաև կհետևի ռուսական կողմի արձագանքներին։