Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչների կացարանները կահավորվում են

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության դրանք կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:

Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել ընդհանուր առմամբ 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Երեք տուն արդեն իսկ լրիվությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում:

Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն