Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ստանիսլավ Զասին

Դեկտեմբերի 22-ին հանդիպել եմ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը: Այս համատեքստում առաջնային ենք համարել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործունեությունը ահաբեկչության, ծայրահեղականության, միգրացիոն անվտանգության, կենսաբանական անվտանգության, թմրանյութերի տարածման դեմ ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Մտքեր ենք փոխանակել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելու վերաբերյալ:

Այստեղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է աֆղանցի փախստականների կողմից դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ միգրացիոն հոսքերի հավանականության բարձրացումը՝ որակելով այն որպես միգրացիոն մարտահրավեր: Ներկայացրել եմ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է:

Այս համատեքստում երկուստեք կարևորել ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսման պայմանների ապահովումը»,- գրել է Գրիգորյանը։