Ս.թ. հունիսի 12-ին Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Պեկինի արտաքին գործերի քաղաքային գրասենյակի և քաղաքային առողջապահական հանձնաժողովի համակարգմամբ, Պեկինի Հենջի առողջապահության զարգացման հիմնադրամի, չինական բժշկության և դեղամիջոցների Պեկինի միության, Չինական և եվրոպական համատեղ բժշկության միության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով կազմակերպվեց չինական բժշկության և դեղամիջոցների օգտագործմամբ կորոնովիրուսի դեմ պայքարին նվիրված տեսակոնֆերանս` չին և հայ մասնագետների մասնակցությամբ։
Տեսակոնֆերանսին հատուկ հրավերով մասնակցել և ելույթ է ունեցել նաև մայրաքաղաքային բժշկական համալսարանին կից գործող Պեկինի ավանդական չինական բժշկության հիվանդանոցի տնօրեն, չինական ավանդական բժշկության կիրառմամբ օգնություն ցուցաբերող պետական բժշկական խմբի ղեկավարի տեղակալ, Հուբեի մոդուլային հիվանդանոցի տնօրեն Լյու Ցինցուանը:
Ներկայացնելով հայկական կողմին ավանդական չինական բժշկության մեթոդներն ու օգտակար փորձը կորոնովիրուսի կանխարգելման և կլինիկական ախտորոշման և բուժման ոլորտում, պրոֆեսոր Լյու Ցինցուանը հայ մասնագետներին մանրամասն ներկայացրեց իրենց հետաքրքրող թեմաները՝ չինական ավանդական բժշկության դեղամիջոցներով հիվանդության կանխարգելման և բուժման մասին։
Երևանի պետական բժշկական համալսարանի այլընտրանքային բժշկության ամբիոնի դեկան, ավանդական և այլընտրանքային բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հ.Ավագյանը շնորհակալություն հայտնելով չինացի մասնագետին՝ նշեց, որ այս տեսակոնֆերանսը հարուստ բովանդակություն ունի և Չինաստանի կողմից մեծ աջակցություն է։ Նա նաև նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում համաճարակի դեմ պայքարում այս տարվա ապրիլին չինական դեղամիջոցների տեսքով ցուցաբերված օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է Չինաստանում ՀՀ դեսպանությունը։